Քալիֆորնիայի դաշնային դատարանը ԱՄՆ-ում «Հայկական ուժ» հանցախմբի անդամներից Կարո Երկանյանին, որին սպառնում էր 100 տարվա բանտարկություն, դատապարտել է ութ տարվա ազատազրկման:
Ըստ ամերիկյան իրավապահների` «Հայկական ուժ» խմբավորումը, որում ընդգրկված էին հիմնականում Հայաստանից եւ ԽՍՀՄ նախկին երկրներից գնացած անձինք, ձեւավորվել է Լոս Անջելեսում` 1980-ականներին: Հանցախմբում հաշվվում է 250 մասնակից` չհաշված պաշտոնապես հանցախմբում չգրանցված գործընկերներին:
Սեպտեմբերին ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը հայտնել էր, որ հանցախմբի գործունեությանը մասնակից 59 մարդ, որոնց թվում նաեւ` Երկանյանը, ընդունել են իրենց մեղքը ներկայացրած մեղադրանքներով` կողոպուտ, սպանություն, առեւանգում, շորթում, խաբեբայություն, թմրանյութերի վաճառք եւ զենքի անօրինական շրջանառություն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
ԱՄՆ-ի իրավապահները 2011թ. փետրվարին զանգվածային գործողություն էին իրականացրել, որի արդյունքում ձերբակալվել էին տասնյակ մարդիկ: Դատապարտյալների նստարանին էր հայտնվել 70 մարդ:
Երկանյանին սպառնում էր մինչեւ 100 տարվա ազատազրկում, սակայն դատարանը բավարարել է պաշտպանության հայտարարությունը, որն առաջարկում էր որպես պատիժ սահմանել ութ տարվա ազատազրկում` գումարած բանտից ազատվելուց հետո հինգ տարով հսկողության տակ լինելը: