Դեկտեմբերի 7-ին Աթենքի կենտրոնական պողոտային հարակից պուրակում տեղադրված խաչքար-հուշարձանի մոտ Հունաստանում ՀՀ դեսպանության և Աթենքի քաղաքապետարանի հովանավորությամբ տեղի ունեցավ նորաստեղծ Հույն-հայկական բարեկամության միության անդրանիկ միջոցառումը, որը նվիրված էր 1988թ. Սպիտակի երկրաշարժի 25-ամյա տարելիցին: Խաչքարը կանգնեցվել էր 1996թ.` ի երախտագիտություն Հունաստանի ցուցաբերած աջակցության:
Միջոցառմանը ներկա էին Հունաստանի Կրթության, կրոնական հարցերի, մշակույթի և սպորտի նախարարության ու Աթենքի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, Հունաստանի խորհրդարանի, Ատտիկայի մարզային խորհրդի և Աթենքի քաղաքային խորհրդի անդամներ, Հույն-հայկական բարեկամության միության անդամներ, հունահայ համայնքային կառույցների և հույն հասարակայնության ներկայացուցիչներ, լրագրողներ:
Հունաստանի ցամաքային զորքերի «Էվելպիդոն» ռազմական ակադեմիայի հայ կուրսանտները պատվո պահակախումբ էին կազմել:
Հայ առաքելական, ավետարանական և կաթոլիկ եկեղեցիների ներկայացուցիչները երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին հոգեհանգստյան արարողություն կատարեցին:
Ելույթներով հանդես եկան ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը և Հույն-հայկական բարեկամության միության վարչության նախագահ, հասարակական գործիչ և դասախոս Նիկոս Լիղերոսը:
Հուշարձանին ծաղկեփնջեր դրվեցին ՀՀ դեսպանության, Հունաստանի Կրթության, կրոնական հարցերի, մշակույթի և սպորտի նախարարության, Աթենքի քաղաքապետարանի և Հույն-հայկական բարեկամության միության կողմից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ