Այն ժամանակ, երբ ընդամենը 10 000 իսրայելցիներ կարողացան նախօրոք ձեռք բերել Թել-Ավիվում Շառլ Ազնավուրի համերգի տոմսերը, ինքն Ազնավուրը նույն ոգեւորվածությամբ ցանկանում էր հանդիպել ամենահայտնի իսրայելցու հետ: Ինչպես գրում է «The Jerusalem Post»-ը, նախքան այցը Ազնավուրի թիմը Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի գրասենյակի հետ կապի մեջ էր, որպեսզի կազմակերպի նախագահի հանդիպումը հայտնի ֆրանսիացի երգչի հետ:
Պերեսն, իհարկե, բավարարել է Ազնավուրի խնդրանքը՝ ոչ միայն նրա փառքի կամ ընդհանուր պատմության պատճառով, այլ առաջին հերթին այն բանի համար, որ ֆրանկոֆիլ է ու սիրում է այն ամենը, ինչ կապված է ֆրանսիական մշակույթի հետ: Պերեսն անցել էր կուլիսների ետեւ նախքան համերգը, հավանաբար ինչի պատճառով Ազնավուրը մի փոքր ուշացում հանդես եկավ հանդիսատեսի առաջ: Երկու տղամարդ կես ժամ զրուցում էին երաժշտության, գրականության, մշակույթի ու ֆրանց-իսրայելական հարաբերությունների կարեւորության մասին: Երկուսն էլ ուրախ կլինեին ավելի երկար զրուցել, սակայն Ազնավուրը ստիպված էր դուրս գալ ֆրանսիական շանսոնի սիրահարների մոտ:
89-ամյա Ազնավուրը, ով մեկ տարով փոքր է նախագահից, գովել է Պերեսին իր արտաքին տեսքի, էներգիայի եւ խաղաղության ձգտման ջանքերի համար: «Dan Hotel»-ում մամուլի ասուլիսի ժամանակ Ազնավուրը հայտարարել է, որ աջակցում է Իսրայելի ու պաղեստինցիների միջեւ խաղաղ գործընթացին եւ հույս ունի հանդես գալ նաեւ պաղեստինյան տարածքներում:
Թեեւ Ազնավուրը նախկինում այցելել էր Իսրայել, աշխարհի ամենահեղինակավոր կատարողներից մեկը համերգով երբեք հանդես չէր եկել Իսրայելում, ու նրա երկրպագուները, այդ թվում նաեւ Պերեսը, անհամբերությամբ սպասում էին համերգին: Ու նրանք հիասթափված չէին: Նվագախմբի ու բեք-վոկալի ուղեկցությամբ երկու ժամ տեւած համերգի ընթացքում խարիզմատիկ Ազնավուրը երգում էր իր հայտնի երգերից, այդ թվում նաեւ «She» երգը, որը նա կատարեց իսրայելցի երգչուհի Ահինոամ Նինիի հետ միասին: Հանդիսատեսն, այդ թվում նաեւ Պերեսը, ձայնակցում էին: