Սամցխե-Ջավախք նահանգի Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղի բնակչությունը տասնամյակներ շարունակ արժանին մատուցելով իր զավակի հիշատակին, ավանդաբար հուլիսյան օրերից մեկը նվիրում է հայ մեծ աշուղ Ջիվանու երգի ու երաժշտության մեծարմանը, ոգեկոչելով սերունդներին նրա արվեստի անկրկնելիությամբ: Այս անգամ էլ չխախտվեց ավանդույթը:
Այս տարի Ջիվանու (Սերոբ Ստեփանի Լևոնյան)ավանդական մեծարման օրը բնակչության համար կրկնակի տոնական էր: Հիշատակի օրվան նախորդեց տեղի եկեղեցու վերաօծման արարողությունը՝ հուլիսի 14-ին վերաօծվեց Կարծախի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցին:
Հնամենի, հայաբնակ Կարծախ գյուղի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցին հիմնադրվել է 1830-ական թվականներին: Տարիներ շարունակ Եկեղեցին եղել է տեղի բնակչության Աստծու տունը: Սակայն ազգաբնակչության բազմանալուն զուգընթաց անհրաժեշտություն էր դարձել նոր եկեղեցու կառուցումը: Եվ ահա 1880-96 թվականներին քանդելով նախկինում կառուցված եկեղեցին, նրա տեղում վեր խոյացավ բազիլիկ տիպի զանգակատնով հոյակերտ տաճարը, որի շինարարությանը իրենց մասնակցությունը բերեցին այդ ժամանակաշրջանի թիֆլիսաբնակ անվանի հայ առեւտրականները:
Եկեղեցու վերաօծման սրբազան արարողությունը սկսվեց հուլիսի 13-ի երեկոյան «Դռնբացեքի» արարողությամբ: Ձեռամբ Վիրահայոց Թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, վերաօծվեցին եկեղեցու 16 սյուները, Սուրբ խորանը, մկրտության ավազանը եւ սրբապատկերները:
Հուլիսի 14-ի առավոտյան, Սուրբ Պատարագից առաջ, պատվարժան հյուրերը Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, փոխառաջնորդ Բաբգեն աբեղա Սալբիյանի, հոգեւոր դասի եւ ժողովրդի ուղեկցությամբ ծաղիկներ դրեցին Ջիվանու հուշարձանին եւ կատարվեց հոգեհանգիստ:
Մեծն Ջիվանու ավանդական տոնին իրենց մասնակցությունն էին բերել ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարության Կովկասի տարածաշրջանի պատասխանատու Տարոն Շագոյանը, Սամցխե-Ջավախքի նահանգապետ Վանո Ծիկլաուրին, Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, պատգամավորներ եւ պետական գործիչներ ինչպես Վրաստանից, այնպես էլ Հայաստանից, Ախալքալաքի եւ Նինոծմինդայի տեղական իշխանության մարմինների, մտավորականության եւ արվեստի ներկայացուցիչները, հյուրեր Թբիլիսիից եւ Երեւանից:
Նորաօծ եկեղեցու բակում հավաքված բազմությանը ողջույնի խոսքով դիմեցին Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանը, ՀՀ Սփյուռքի նախարար Հ.Հակոբյանը, «Հայլուրի» տնօրեն Գեւորգ Ալթունյանը եւ Սամցխե-Ջավախքի առաջնորդական փոխանորդ Բաբգեն աբեղա Սալբիյանը:
Հոգեշնորհ Հայր Սուրբը նաեւ Առաջնորդական շնորհակալագրեր փոխանցեց եկեղեցու բարերարներին, վերանորոգող շինարարներին եւ վարպետներին:
Ջավախք նահանգն ընդհանուր առմամբ եւ Կարծախ գյուղն ի մասնավորի հայտնի են հայությանը տված իրենց անվանի զավակներով: Նրանցից մեկը 1846 թվականին ծնված հայ աշուղական արվեստի կարկառուն դեմք աշուղ Ջիվանին է, որ շարունակել և խորացրել է Նաղաշ Հովնաթանի սկսած ու Սայաթ-Նովայի զարգացրած խորը փոլիսոփայական գաղափարներով երգի եւ խոսքի ստեղծումը:
Նորաօծ եկեղեցու Սուրբ Սեղանի օծմանը եւ անդրանիկ Սուրբ Պատարագի մատուցմանը հաջորդեց հրապարակախոս ու փիլիսոփա, բարոյագետ ու երգաստեղծ աշուղ Ջիվանու մեծարմանը նվիրված տոնահանդեսը, վերստին տարածվեց նրա երգն ու երաժշտությունը՝ վարպետ եւ ինքնագործ երգիչների եւ համույթների կատարմամբ: Վերստին իր հող ու ջրի վրա հառնեց աշուղ Ջիվանին ու Կարծախում տարածվեց բարձրարժեք ու խորիմաստ արվեստով նրա բառն ու բանը:
Սուսաննա Խաչատրյան, Վիրահայոց Թեմի մամլո դիվան