Հայ Առաքելական Եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմը Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության տոնի օրերին նրան մատուցել է թանկարժեք նվեր՝ երկու 350-ամյա Ավետարաններ: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի Լրատվական Կենտրոնը՝ հղում կատարելով Դոնի Ռոստովի «Ապագա» քաղաքային ազգային-մշակութային ինքնավարությանը, այդ գրքերը կաթողիկոսին նվիրել է Ռոստովի Սուրբ Կարապետ եկեղեցու ավագ քահանա Տեր Թադեոս Ավագյանը: Ըստ Տեր Թադեոսի՝ դրանք առաջին հայերեն լեզվով Ավետարաններն են, որոնք տպվել են 1661 թվականին Վենետիկում և երկար տարիներ շարունակ պահվել Գանձասարի վանքում (Արցախ): Խորհրդային Միության տարիներին ամենուրեք քանդվում ու կողոպտվում էին եկեղեցիները: Նույն ճակատագրից զերծ չմնաց նաև Գանձասարը: Ինչ-որ հրաշքով Գանձասարի դպրոցի տնօրենը կարողացավ փրկել ու պահպանել երեք Ավետարանները, կապելով դրանք ավանակի թամբին և գաղտնիորեն տանելով Կիրովաբադ՝ իր քրոջ մոտ, որին նա խնդրեց աչքի լույսի պես պահել այդ գրքերը, որոնք իսկական գանձեր են:
Տարիներ անց այդ Ավետարաններից մեկը նվիրվել է Վազցեն Առաջին կաթողիկոսին: Հիմա այն պահվում է Մատենադարանում և դուրս բերվում միայն Հայաստանի Հանրապետության նախագահի երդման արարողության ժամամանկ: Մնացած երկու Ավետարանների մասին մինչև այսօր ոչինչ հայտնի չէր:
Տեր Թադեոսը պատմեց Ավետարանների ձեռք բերման պատմությունը: 1975 թվականին նա ծառայում էր Գեղարդի վանքում: Վանք ժամանեց Հայ Առաքելական Եկեղեցու Ադրբեջանի թեմի նախկին առաջնորդ Վահան եպիսկոպոսը: Նրանք միասին գնացին Էջմիածին և մինչդեռ Վահան եպիսկոպոսը գտնվում էր կաթողիկոսի մոտ, Տեր Թադեոսը սպասում էր նրան դրսում: Այդ ժամանակ նրան մոտեցավ մի անծանոթ կին և ասաց, որ նա Կիրովաբադից է: Նա գանգատվում էր, որ նրանից վերցրել էին Ավետարանը և նվիրել այն կաթողիկոսին, իսկ իր հարազատները նրան չէին հավատում՝ կարծելով, որ նա նրանցից թաքուն ծախել է գիրքը: Տեր Թադեոսը լսեց նրան և առաջարկեց իր օգնությունը՝ փողի կարիք ունենալու դեպքում: Կինը հրաժարվեց օգնությունից և հեռանալու էր, բայց միտքը փոխեց և ետ դարձավ՝ Տեր Թադեոսին տալով մի փաթեթ, որի մեջ երկու Ավետարաններն էին: Կինն ասաց. «Դու բարի մարդ ես՝ պահիր սա քեզ մոտ»: Նա պնդում էր, որպեսզի Տեր Թադեոսը անպայման վերցնի գրքերը: «Երեսուն յոթ տարի շարունակ ես պահել եմ այս Ավետարանները իմ տանը: Նույնիսկ իմ ընտանիքի անդամները չգիտեին, որ դրանցից մեկի շապիկի քարի վրա գտնվում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի թոռ Սուրբ Գրիգորիսի մասունքը: Մինչև այսօր ինչ-որ ուժ չէր թողել ինձ պատմել Ավետարանների մասին», – ասում է Տեր Թադեոսը: «Ես մի երազ տեսա, որում ես կանգնած էի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի Սուրբ Սեղանի մոտ, իսկ իմ կողքին էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչը: Ինձ տարան Սուրբ Սեղանի մոտ, որտեղից նեղ աստիճաններով ես բարձրացա մինչև տաճարի գմբեթը և, կանգնած մնալով այդ բարձրության վրա, զգացի, որ իմ ոտքերի տակ ոչինչ չկա՝ կարծես պիտի վայր ընկնեի: Կողքիս Սուրբ Գրիգորիսն էր կանգնած, որը ծիծաղում էր: Նա ինձ ցույց տվեց ներքևում կանգնած ընտանիքիս անդամներին և ասաց: «Տեսնո՞ւմ ես նրանց: Այն, ինչ որ դու ունես, ինձ է պատկանում»: Հետո նա ասաց. «Ժամանակն է եկել գրքերը վերադարձնելու»: Այսպես այդ անգին երեք Ավետարանները մեկտեղ հայտնվեցին Էջմիածնում: