ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Ադամ Շիֆը եւ Դեյվիդ Չիչիլինեն հանդես են եկել հայտարարությամբ՝ դատապարտելով Սումգայիթում, Բաքվում եւ Կիրովաբադում հայերի ջարդերը, նաեւ զորակցություն են հայտնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման ժողովրդավարական իրավունքին: Այս մասին NEWS.am-ին հայտնել են Ամերիկայի Հայ դատի գրասենյակից:
«Սումգայիթի ջարդերը պատմության սեւ հետքն են, եւ ցավոք, այդ իրադարձությունը հետագա բռնության պատճառ դարձավ, երբ հայերը ինն ամիս անց դարձան թիրախ Կիրովաբադում, ինչպես նաեւ Բավքում՝ 1990-ին»,- իր գործընկերներին է ասել կոնգրեսական Դեյվիդ Չիչիլինեն եւ հավելել. «Իրենց ձեւավորման առաջին իսկ օրվանից ԼՂՀ ազատ ընտրված պետական մարմինները օգնել են կառուցել ազատ ժողովրդավարական հասարակություն՝ թափանցիկ ընտրությունների միջոցով, եւ շատ կարեւոր է, որպեսզի ԱՄՆ-ն աջակցի անկախությանը եւ ինքնակառավարմանը»:
Ադամ Շիֆն իր հայտարարության մեջ նշել է. «Այդ սարսափելի գործողություններով Ադրբեջանն ամբողջ աշխարհին հիշեցրել է, թե ինչու պետք է Արցախի ժողովրդին թույլ տալ որոշել իր ապագան եւ ինչու չպետք է թույլ տալ, որպեսզի այն հայտնվի Ալիեւի թաթում, որպեսզի հանկարծ 26-ամյա վաղեմության Սումգայիթի ջարդը չդառնա էլ ավելի մեծ ջարդի նախանշան»,– հայտարարել է նա:
Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերով հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը, իր գործընկեր Բրեդ Շերմանը, Ներկայացուցիչների պալատի անդամներ Թոնի Քարդենասը, Աննա Էշուն եւ Քեթրին Քլարքը հարգել էին Սումգայիթ քաղաքում հայկական բնակչության ջարդերի զոհերի հիշատակը:
Հիշեցնենք, որ 1988թ. փետրվարի 27-29-ին Ադրբեջանի ԽՍՀ-ի Սումգայիթ քաղաքը դարձել էր հայ բնակչության ջարդերի թատերաբեմ: Սպանվել էին տասնյակ հայեր, հարյուրավորները ծանր վիրավորվել էին: