Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը, մարտի 1-ին, աշխատանքային այցելություն է ունեցել Սամցխե-Ջավախք նահանգի Նինոծմինդայի եւ Ախալքալաքի շրջաններ:
Նինոծմինդայում՝ Ռաֆայել Ղարսլյանի անվան կրթամշակութային եւ երիտասարդական կենտրոնում տեղի ունեցած հանդիպմանը դեսպան Մանուկյանն ընդգծեց հայ համայնքային կյանքում մշակութային, կրթական եւ սպորտային ակտիվության կարեւորությունը եւ կոչ արեց այդ ուղղություններով շարունակել գործունեությունը: Դեսպան Մանուկյանը հատկապես կարեւորեց Հայ Առաքելական Եկեղեցու դերակատարությունը հայ համայնքային կյանքում եւ հայ ժողովրդի ազգային ինքնագիտակցության պահպանման գործում:
Վրաստանում ՀՀ դեսպանը համայնքային մի շարք ակտիվիստների փոխանցեց Հայաստանի սփյուռքի, կրթության եւ գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունների գերատեսչական պարգեւները:
Նույն օրը համայնքային կառույցների ներկայացուցիչների եւ առանձին անհատների հետ հանդիպում տեղի ունեցավ Ախալքալաքի շրջանում:
Հանդիպման մասնակիցների հետ զրույցում քննարկվեցին, Վրաստանի հայ համայնքում առկա խնդիրներին եւ համայնքային կյանքի աշխուժացմանն ուղղված քայլերին առնչվող, Ջավախքի տարածաշրջանի հայ ազգաբնակչությանը հուզող բազմաթիվ հարցեր: Դեսպան Մանուկյանը ներկայացրեց հայ-վրացական հարաբերությունների ներկա վիճակը:
Այնուհետեւ տեղի ունեցավ ՀՀ գերատեսչական պարգեւների հանձնման պաշտոնական արարողությունը:
Դեսպան Մանուկյանին ուղեկցում էին եւ հանդիպումների ընթացքում խոսքով հանդես եկան Ջավախքի ընդհանուր փոխանորդության առաջնորդ Հայր Բաբգէն վարդապետ Սալբիյանը, ՀՀ Աժ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը: