Մարսելում հայկական թեմական տաճարում մարտի 2-ին ադրբեջանական Սումգայիթ քաղաքում 1988թ.-ին հակահայկական ջարդերի զոհերի հիշատակին պատարագ կմատուցվի եւ ծաղկեպսակների դրման արարողություն կանցկացվի: Այդ մասին գրում է «Nouvelles d'Arménie»-ն:
Պատարագից հետո ցանկացողները կարող են հարգանքի տուրք մատուցել հայ սպա Գուրգեն Մարգարյանին, ով դաժանորեն սպանվել էր 2004թ.-ին ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի կողմից: Միջոցառումը տեղի կունենա Ղարաբաղի զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարի մոտ:
Նշենք, որ 1988թ.-ի փետրվարի 27-29-ի ընթացքում Սումգայիթ քաղաքը հայ բնակչության զանգվածային սպանությունների թատերաբեմի վերածվեց: Տասնյակ հայեր սպանվեցին, հարյուրավորները վիրավորվեցին:
Հիշեցնենք նաեւ, որ 2004թ.-ի փետրվարին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղություն» ծրագրի շրջանակում անգլերենի դասընթացներ էին անցկացվում: Մասնակցում էին հայ եւ ադրբեջանցի սպաներ, այդ թվում նաեւ ապագա զոհ Գուրգեն Մարգարյանն ու նրա մարդասպան Ռամիլ Սաֆարովը: Փետրվարի 19-ի գիշերը Սաֆարովը թաքուն մտել էր սենյակը եւ կացնահարել քնած Գուրգեն Մարգարյանին: Դրանից հետո Սաֆարովը փորձել էր սպանել մեկ այլ հայ սպա Հայկ Մակուչյանին:
Բարեբախտաբար, փորձն անհաջող էր՝ սենյակի դուռը փակ էր: 2006թ. ապրիլի 13-ին Սաֆարովը Բուդապեշտի դատարանի կողմից ցմահ ազատազրկման էր դատապարտվել` 30 տարի առանց ներման իրավունքի: Չնայած հունգարական հասարակության բացասական վերաբերմունքին՝ 2012թ. օգոստոսի 31-ին Սաֆարովին արտահանձնեցին Ադրբեջանին, որտեղ մարդասպանին նախագահի կողմից ներում շնորհվեց, զինվորական բարձր կոչում տրվեց եւ միանվագ վճարվեց 8 տարվա աշխատավարձը: Նույն օրը պաշտոնական Երեւանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Բուդապեշտի հետ: