Փարիզի ամենահեղինակավոր մշակութային օջախներից մեկում` Քաղաքային Թատրոնում, փետրվարի 23-ին, տեղի ունեցավ հայտնի դուդուկահար Լեւոն Մինասյանի եւ նրա քրոջ` երգչուհի Ռոզելին Մինասյանի համերգը, որոնց նվագակցում էին Հայաստանից հատուկ այդ առիթով ժամանած երաժիշտներ։ Երաժիշտները համերգը նվիրեցին Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին:
Քաղաքային Թատրոնի լեփ-լեցուն սրահի հազարից ավելի ներկաները հոտնկայս, մեկ րոպե լռությամբ հարգեցին ադրբեջանական հրոսակների կողմից Սումգայիթում հայերի դեմ իրականացրած ոճրագործության զոհերի հիշատակը:
Համերգի ընթացքում հնչեցին Կոմիտասի ստեղծագործություններ եւ հայկական ժողովրդական երգեր: Ֆրանսիացի հանդիսատեսը հիացմունքով եւ մեծ խանդավառությամբ ընդունեց հայազգի երաժիշտների անզուգական կատարումները։