Ստամբուլի հայկական «Ակոս»-ի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով Դինքի ընտանիքի փաստաբանները նոր դատական հայց են ներկայացրել։
Թուրքական Gercekgundem կայքի փոխանցմամբ՝ Դինքի ընտանիքի փաստաբանների ներկայացրած դատական հայցում պահանջվում է պատասխանատվության ենթարկել Դինքի սպանության ծրագրավորման մասին իմացած Տրապիզոնի այն ժամանակվա ոստիկանապետ Ռամազան Աքյուրեքին եւ այլ բարձրաստիճան ոստիկանների։
Հիշյալ ոստիկանների դեմ դատական գործ հարուցելու համար ներկայացվել է Դինքի սպանության գործով Թուրքիայի նախագահի վերահսկիչ պալատի զեկույցը եւ սպանության ուղղորդողներից Էրհան Թունջելի վկայությունները։
Գրեթե միաժամանակ Թուրքիայի Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել Դինքի ընտանիքի անդամների դիմումի կապակցությամբ, պահանջելով լրացնել կիսատ փաստաղթղերի եւ տեղեկությունների ցանկը։ Դինքի ընտանիքը դիմել էր ՍԴ՝ նշելով, որ Դինքի սպանության բացահայտման գործում լիարժեք հետաքննություն չի իրականացվել եւ բարոյական փոխհատուցման համար պահանջել 500 հազար լիրա։