ԱՄՆ-ի կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Ֆրանկ Պալոնեն եւ Դեյվիդ Սիսիլինը միացել են համայն հայությանը՝ դատապարտելով հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանի իշխանությունների կողմից ներում շնորհելը, հայտնում է Ամերիկայի հայ դատի գրասենյակը:
Օրենսդիրները միացել են Twitter, Facebook եւ Instagram սոցցանցերում ծավալված քարոզչությանը՝ հայ սպա Գուրգեն Մարգարյանի սարսափելի սպանության մասին տեղեկացնելու համար, որին կացնահարել էր ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը:
Մասնավորապես Ադամ Շիֆը նշել է, որ բանտում նստելու փոխարեն՝ մարդասպան Սաֆարովը անհասկանալի պատճառներով 2012թ. Հունգարիայից արտահանձնվել է Ադրբեջանին:
Մարգարյանի հիշատակին նվիրված բոլոր թվիթները կարելի է գտնել #Justice4Margaryan թեգով:
Հիշեցնենք, որ 2004թ . փետրվարի 19-ի գիշերը Սաֆարովը թաքուն մտել էր Գուրգեն Մարգարյանի սենյակը եւ կացնահարել քնած հայ սպային:
Երկարատեւ դատական գործընթացից հետո 2006թ. ապրիլին Սաֆարովը Բուդապեշտի դատարանի կողմից ցմահ ազատազրկման էր դատապարտվել` 30 տարի առանց ներման իրավունքի: Հունգարական դատարանը բազմիցս էր հայտարարել Սաֆարովի` հայրենիքին արտահանձնելու անհնարինության մասին, ինչին համառորեն փորձում էր հասնել ադրբեջանական կողմը: Սակայն 2012թ. օգոստոսի 31-ին Սաֆարովին արտահանձնեցին Ադրբեջանին, որտեղ մարդասպանին նախագահի կողմից ներում շնորհվեց, զինվորական բարձր կոչում տրվեց եւ միանվագ վճարվեց 8 տարվա աշխատավարձը: Նույն օրը պաշտոնական Երեւանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Բուդապեշտի հետ:
Թուրքիայում հատուկ պատրաստվածություն անցած Ադրբեջանի ԶՈւ սպա Ռամիլ Սաֆարովը 2004թ. փետրվարին մասնակցում էր ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղություն» ծրագրի շրջանակում անգլերենի դասընթացներին, որոնց մասնակցում էին նաեւ հայ սպաներ Գուրգեն Մարգարյանն ու Հայկ Մակուչյանը: