Փետրվարի 15-ին Ֆրանսիայի Վիեն քաղաքում տեղի ունեցավ Արցախի ազգային ազատագրական պայքարի 26-ամյակին նվիրված միջոցառում` Վիենի Հայ մշակույթի տան նախաձեռնությամբ:
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի խոսնակ, Լուարայի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը եւ շրջանակի անդամ, Վիենի քաղաքապետ Ժակ Ռեմիյեն հավաքվածներին ներկայացրեցին բարեկամության շրջանակը, դրա հիմնադրման եւ գործունեության նպատակներն ու ուղղությունները:
Միջոցառման ընթացքում ցուցադրվեց նաեւ Արտակ Հերիքյանի «Մեր Արցախը» ֆիլմը, որի ավարտին տեղի ունեցած հարց ու պատասխանի ընթացքում անդրադարձ կատարվեց Արցախում առկա իրավիճակին եւ երկրում գրանցված դրական փոփոխություններին, որոնք վկայում են Արցախի կայուն զարգացման մասին:
Միջոցառմանը ներկա էին Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը, Լիոնում Հայաստանի Հանրապետության փոխհյուպատոս Վաներ Հարությունյանը, Վիենի եւ Ռոն Ալպ շրջանի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ, հասարակական գործիչներ: