NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է թուրք վերլուծաբան ու մարդու իրավունքների պաշտպան Օրհան Քեմալ Ջենգիզի՝ «Al-Monitor»-ում հրապարակված հոդվածը:
Թուրքիայի ծագումով հայ քաղաքացի, 1956թ.-ին ծնված Սեւան Նշանյանը, ասկասկած, Թուրքիայի մտավորականության ամենավառ ներկայցուցիչներից մեկն է: «Սխալ հանրապետություն» գրքում նա քննադատել է Թուրքիայում Աթաթուրքի վարած քաղաքականությունը՝ հարուցելով թուրք ազգայնականների զայրույթը: Նա մահմեդական համոզմունքների իր քննադատությամբ բարկացրել էր կրոնական շրջանակներին,զայրացրել ֆեմինիստուհիներին ու ձախերին եւ երբեք չէր տատանվել հայերի ցեղասպանության մասին ուղղակիորեն խոսելու համար:
Նշանյանը կրում է երկու տարի ժամկետով ազատազրկման առաջին ամիսը Իզմիր նահանգում գտնվող Թորբալիում: Նա բանտում է հայտնվել շինարարական նորմերը խախտելու համար: Սակայն արդյո՞ք դա է իրական պատճառը: Ինչո՞ւ միայն Նշանյանը հայտնվեց բանտում, երբ ամենուրեք ծաղկում է ապրում անօրինական շինարարությունը: Մի՞թե այս պատիժը նրա ունեցած հայացքների համար չէ:
Ամեն ինչ սկսվեց 1995թ.-ին, երբ Նշանյանը տեղափոխվեց Իզմիրում գտնվող Շիրինջե գյուղ: Սա փոքր գյուղ էր, որի մասին ոչ ոք չէր լսել մինչ այն պահը, երբ Նշանյանը տեղափոխվեց ու սկսեց վերանորոգել ճանապարհենրը, վերականգնել կիսաավեր տներն ու փոքր հյուրանոցներ բացել: Սակայն Նշանյանի նախկին կնոջ տրամադրած տվյալներով՝ այսօր Շիրինջեն տեսարժան վայր է դարձել՝ տարեկան գրավելով 600-800 հազար օտարերկրացի ու տեղացի զբոսաշրջիկներին: Գյուղ տեղափոխվելուց հետո Նշանյանը նվաճեց տեղի բնակիչների համակրանքը: Սակայն շինարարություն ու վերակառուցողական աշխատանքները բախվեցին բյուրոկրատական լուրջ խոչընդոտների հետ, իսկ 2001թ.-ին նրան դատապարտեցին 10 ամսվա ազատազրկման՝ շինարարության հետ կապված խախտումների համար:
Այժմ իր հողում 40 քառ. մ մակերեսով փոքրիկ պահեստի շինարարության համար նրան դատապարտել են երկու տարվա ազատազրկման: Նրա դեմ հարուցվել են տասնյակ գործեր չթույլատրվախ սպասարկման, վերանորոգումների ու շինարարության համար: Եթե բոլոր արդ գործերն ավարտվեն ազատազրկմամբ, Նշանյանը իր կյանքի մնացած տարիները բանտում կանցկացնի:
Նրա կարծիքով՝ ազատազրկման իրական պատճառն իր ծագումն ու հայացքներն են: «Ակոսին» տված հարցազրույցում նա կարծիք էր հայտնել իր ազատազրկման իրական դրդապատճառների վերաբերյալ.«Ակնհայտ է, որ իմ հայ լինելն այս գործընթացքում դեր է խաղում: Թուրքիայում ցանկացած մեկը, ով չափանիշներից դուրս է գործում, պատժվում է, եթե անգամ ազգանունը «իսկական թուրքի» չէ: Եթե դու չափանիշներից դուրս ինչ-որ բան ես անում, պատժվում ես: Բացի այդ, եթե հայ ես, պատիժը խստանում է»:
Շատերն են կարծում, որ Նշանյանը դատապարտվել է ազատազրկման ոչ թե շինարարական խախտումների, այլ իր հայացքների համար, որոնք չեն ենթարկվում Թուրքիայում ընդունված որոշ տաբուներին:
Կառավարության դեմ ուղղված հետաքննությունը կոռուպցիայի վերաբերյալ, որն առաջ չի ընթանում ուժեղ ճնշման պատճառով, պարզել է, որ Ստամբուլում շինարարության անօրինական թույլտվությունն արժե միլիոնավոր դոլարներ: Սա վերածում է տրագիկոմեդիայի այն փաստը, որ հայը իր հողի վրա փոքրիկ պահեստ կառուցելու համար բանտում է հայտնվել: Այս իրականության շուրջ պետք է խորը մտորել՝ Թուրքիային հասկանալու համար: