Ռուսաստանի Դաշնության խորհրդի անդամ Ռաֆայիլ Զինուրովի «Հայաստան. հազարամյակների ճանապարհ» գրքի երկրորդ և երրորդ հատորների շնորհանդեսն է տեղի ունեցել երեքշաբթի Մոսկվայում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունում։
«Գիրքը իմ նվերն է Հայաստանին և հայ ժողովրդին, այն գրվել է անհատույց, առանց հոնորարի, չէ՞ որ ինչպես հայերն են ասում` «երջանկությունը փողի մեջ չէ»», – հայտարարել է Զինուրովը` ներկայացնելով իր գիրքը «Հայաստան. հազարամյակների ճանապարհ» թեմայով Երևան–Մոսկվա տեսակամրջի ընթացքում։
Նրա խոսքերով` գիրքը գրելիս նա ձգտել է անել այնպես, որ մարդիկ հայերին և հայկական պատմությանը նայեն այլ կերպ։
Հայտնելով իր հարգանքը հայ ժողովրդի և նրա մշակույթի նկատմամբ` հեղինակը նշել է, որ գիրքը գրվել է ռուբայի ձևով (Մերձավոր և Միջին Արևելքում տարածված քառատող), և այն գրելիս հեղինակն օգտվել է հայ, ինչպես նաև հույն և հռոմեացի պատմաբանների աշխատություններից։
«Իմ գիրքը ներկայացված է խիստ ժամանակագրական կարգով, որտեղ հայոց պատմության ոչ մի փաստ բաց թողնված չէ։ Ես փորձել եմ ոչ միայն ներկայացնել, թե ով ինչպես է գրել, այլ նաև գնահատական տալ, թեև գիրքը չափածո է, սակայն բոլոր աղբյուրների հղումները ներկայացված են», – ավելացրել է Զինուրովը։
«Այսօր մենք ներկա ենք բացառիկ մի իրադարձության` գործող ռուս քաղաքական գործիչը, սենատորը, Դաշնության խորհրդի անդամը, ազգությամբ բաշկիր, իրավաբանական գիտությունների դոկտորը եռահատոր գիրք է գրել, որտեղ ներկայացրել է Հայաստանի պատմությունը», – շնորհանդեսի ժամանակ նշել է «Ռուս–հայկական միություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանն` ավելացնելով, որ սա շատ լուրջ ներդրում է հայագիտության մեջ։
ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը նշեց, որ անգամ հայ մտավորականության շրջանում ոչ բոլորն այնքան լավ գիտեն հայ ժողովրդի պատմությունը, որքան Ռաֆայիլ Զինուրովը։
Նովոստի–Արմենիա