Մոսկվայում առաջին անգամ կնշեն հայոց գրերի օրը, այն կհամախմբի հայրենիքից հեռու ապրող հայերին եւ հնարավորություն կտա ավելին իմանալ հայկական հնագույն մշակույթի մասին: Տոնի առանցքային իրադարձությունը կդառնա Մատենադարանի հնագույն ձեռագրերի ցուցադրությունը: Բացի դրանից, հյուրերին կպատմեն Մեսրոպ Մաշտոցի (361-440թթ.) մասին:
«Սա շատ կարեւոր տոն է հայերի համար: Մենք կպատմենք հայոց գրերի պատմությունը, որի շնորհիվ մեզ են հասել բազմաթիվ արժեքավոր ձեռագրեր: Ցույց կտանք մեր մշակույթի հարստությունը», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին ասել է Ռուսաստանի Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: «Բացի դրանից, Ռուսաստանում նման տոնի առկայությունը հաստատում է, որ լեզվական բազմազանությունը, լեզուների պահպանումը մեծ նշանակություն ունի այստեղ: Դա շատ կարեւոր է, չպետք է մոռանալ սեփական լեզուն, ավանդույթները, մշակույթը», - հավելել է նա:
Տոնական երեկոն կշարունակվի հայ եւ ռուս արտիստների մասնակցությամբ համերգով եւ Մեսրոպ Մաշտոցի մասին ֆիլմի ցուցադրությամբ:
Ըստ Աբրահամյանի՝ Ռուսաստանում հայկական սփյուռքն այսօր միավորում է 2,5 միլիոն մարդու, իսկ Մոսկվայի մարզում՝ 600 հազար մարդու: Ռուսական թեմը Հայ առաքելական եկեղեցու ամենամեծ թեմն է, այսօր այն ունի 70 ծուխ:
Տոնական միջոցառումներն այժմ ամեն տարի նշվելու են ոչ միայն Հայաստանում, այլեւ Ռուսաստանում: Այս անգամ տոնը հաամընկնում է Մոսկվայում Երեւանի օրերի բացմանը, որոնք տեղի կունենան նոյեմբերի 26-29-ին:
Տոնական միջոցառումների ավարտին Երեւեանը եւ Մոսկվան Համագործակցության ծրագիր կստորագրեն՝ երկու քաղաքների գործադիր իշխանությունների մարմինների միջեւ: