Քալիֆորնիական Գլենդել քաղաքի ոստիկանության նախկին պետ Ռենդի Ադամսը ԱՄՆ-ի շրջանային դատարանում ազգությամբ հայ ոստիկանների հանդեպ խտրականության հայցով դատական գործընթացի ժամանակ ցուցմունք է տվել: Այդ մասին գրում է «Glendale News-Press»-ը: Ոստիկանության նախկին ղեկավարը նշել է, որ ինքը պատասխանատու է Ոստիկանության դեպարտամենտում խտրականության համար ու ստիպված է եղել կարգապահական միջոցներ ձեռնարկել երկու ոստիկանի նկատամամբ՝ ամերիկահայերի հանդեպ ստորացուցիչ վերաբերմունքի համար:
Ադամսը պատմել է, որ նա առանց աշխատավարձի ծառայությունից 100 ժամով հեռացրել է ոստիկաններից մեկին, ով 2008թ.-ին ծառայողական կեղծ գրություն է գրել հայկական դրոշներով պարեկային մեքենայի կեղծ նկարով: Երկրորդ ոստիկանին ծառայությունից հեռացրել է 300 ժամով, քանի որ ծագումով հայ ամերիկացիներին նա անվանել է «մակաբույծներ» ու «ավազակներ» «YouTube»- ի բլոգում:
Թեեւ այս ոստիկանների հանդեպ հետաքննություն էր անցկացվել ու նրանց իրենց գործողությունների համար պատժել էին, երկուսն էլ շարունակում էին աշխատել Ոստիկանության դեպարտամենտում: «Ոստիկանները նույնպես մարդ են, ու մենք նույնպես ժամանակ առ ժամանակ սխալներ ենք թույլ տալիս»,- ԱՄՆ-ի շրջանային դատարանում հայտարարել է Ադամսը:
Հիշեցնենք, որ 2010թ.-ին ոստիկանության սերժանտ Տիգրան Թոփաջիկյանն ու ոստիկաններ Վահագ Մարտիկյանը, Ռոբերտ Բարսեղյանը, Ջոն Բալյանն ու Բեննի Սիմոնզադը համատեղ հայց էին ներկայացրել Գլենդել քաղաքի Ոստիկանության դեպարտամենտ՝ բողոքելով իրենց հայկական ծագմամբ պայմանավորված խտրկանությունից:
Նշենք, որ պաշտոնի բարձրացում ստանալու բազում փորձերից հետո Թոփաջիկյանի կոչումն անցյալ շաբաթ բարձրացրել էին լեյտենանտի: Նրա փաստաբանը նշել է, որ այդ քայլը ձեռնարկել են դատական գործընթացի սկսվելուց մի քանի օր առաջ: