Ծառայության մեջ առաջ ընթանալու հնարավորության ենթադրյալ բացակայությունը քալիֆորնիական Գլենդել քաղաքի ոստիկանության դեպարտամենտում խոսում է այն մասին, որ Գլենդելում «հին ու բարի տղաները» դեռ ողջ ու առողջ են: Այդ մասին հայտարարել է լեյտենանտ Տիգրան Թոփաջիկյանի փաստաբանը խտրականության վերաբերյալ դաշնային հայցի հիման վրա դատական նիստի ժամանակ, գրում է «Glendale News-Press»-ը:
Փաստաբանի խոսքով, Թոփաջիկյանը վստահեցնում է, որ ոստիկանության դեպարտամենտը խտրականություն է դրսեւորել ու հետապնդումներ իրականացրել:Հիշեցենք, որ 2010թ.-ին Թոփաջիկյանն ու ոստիկաններ Վահագ Մարտիկյանը, Ռոբերտ Բարսեղյանը, Ջոն Բալայանն ու Բեննի Սիմոնզադը համատեղ հայց են ներկայացրել ընդդեկ Գլենդել քաղաքի ոստիկանության դեպարտամենտի՝ բողոքելով իրենց հայկական ծագմամբ պայմանավորված խտրականությունից:
Նշենք, որ ծառայության ընթացքում պաշտոնի բարձրացման համար բազմիցս դիմած Թոփաջիկյանն անցյալ շաբաթ լեյտենանտի կոչում էր ստացել: Նրա փաստաբանը նշել է, որ այս քայլը արվել է դատական գործընթացի սկսվելուց մի քանի օր առաջ: