Դեկտեմբերի 13-14-ը ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կայացավ «Հարափոփոխ աշխարհ, փոփոխվող Սփյուռք» խորագրով կլոր սեղան-քննարկումը, որին մասնակցում էին գիտնականներ, հոգևոր և համահայկական կառույցների ներկայացուցիչներ Հայաստանից և Սփյուռքից:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նա ներկայացրեց արագ փոփոխվող, գլոբալացվող աշխարհում ի հայտ եկած ժողովրդագրական պատկերը և ձևավորված տարբեր ժողովուրդների սփյուռքների ու մասնավորապես հայկական Սփյուռքի առջև ծառացած հիմնախնդիրները: Նշվեց, որ հարափոփոխ աշխարհում սփյուռքի նկատմամբ տարվող քաղաքականությունը սկսել է վերազգային նշանակություն ձեռք բերել, միջազգային շատ կառույցներ սկսել են զբաղվել սփյուռքի հիմնախնդիրներով, և այդ համատեքստում համազգային ներուժի համախմբումը, հայապահպանության և հայադարձության խթանման նպատակով իրականացվող աշախատանքների համակարգումը, այս ոլորտում գործակցության ձևերի և ուղիների կատարելագործումը դարձել է անհրաժեշտություն: Նա ներկայացրեց համազգային օրակարգի խնդիրների լուծման ուղղությամբ համայնքների գործունեության կառուցակարգերը վերատեսության ենթարկելու հիմնախնդիրները:
Քննարկման մասնակիցները ներկայացրեցին սփյուռքյան խնդիներին առնչվող արդիական տեսություններ, ու դրանց միտումները, իրենց կողմից իրականացվող ծրագրերը:
Կարևոր քննարկումներ տեղի ունեցան երիտասարդության շրջանում անցյալի վերաբերյալ հիշողության պահպանման, ազգային ինքնության գիտակցության ամրապնդման, հայրենաճանաչության և համազգային ձեռնարկներում նրանց ներգրավվածության, հայոց լեզվի պահպանման, համայնքների կրթական ու մշակութային հարցերի և հատկապես Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված քայլերի ձեռնարկման ուղղությամբ:
Կլոր սեղան-քննարկումն իր ձևաչափով անդրադարձավ այն ազատ, բաց քննարկումների հանրագումար էր: Ամփոփելով արդյունքները՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մեծապես կարևորեց նման բանավեճ-քննարկումների դերը սփյուռքագիտության զարգացման, Հայաստանի և Սփյուռքի փոխճանաչման, նոր կառուցակարգերի մշակման գործում: Նա ընդգծեց Սփյուռքի ներուժի համախմբման, ռեսուրսների փոխշահավետ օգտագործման կարևորությունը, այդ թվում ՀՀ հանրային, մասնավոր հատվածում, ինչպես նաև պետական կառավարման համակարգում սփյուռքահայ մասնագետների ներգրավման անհրաժեշտությունը: Նախարար Հ. Հակոբյանը հավաստիացրեց, որ քննարկմանն մասնակիցների առաջարկությունները կուսումնասիրվին և կօգտագործվեն Հայաստան-Սփյուռք գործակցության արդիականացման և Սփյուռքի նկատմամբ տարվող քաղաքականության բարեփոխման գործընթացում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ