Պաշտոնական այցով Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում գտնվող Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Թբիլիսիի Հայ առաքելական «Սուրբ Էջմիածին» եկեղեցի:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե Թբիլիսիի քաղաքապետ Գեորգի Ուգուլավայի հետ միասին Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել կիրակնօրյա պատարագի արարողությանը:
Պատարագի մատուցման արարողությունից հետո, ողջունելով ներկաներին, Վիրահայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանն իր խորին շնորհակալությունն է հայտնել երկու քաղաքապետերին՝ եկեղեցու եւ հայ համայնքի հանդեպ ցուցաբերած հարգանքի համար:
Հայկական Հավլաբար թաղամասում գտնվող Հայ առաքելական եկեղեցին, Վիրահայոց թեմի առաջնորդի հավաստմամբ, եկեղեցական արարողությունների եւ պատարագների ժամանակ մշտապես մարդաշատ է, ինչում համոզվեցին նաեւ Երեւանի եւ Թբիլիսիի քաղաքապետերը:
Առանձնակի կարեւորելով սփյուռքի գաղթօջախներում հայապահպանության գործում Հայ առաքելական եկեղեցու դերն ու նշանակությունը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Տեր Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանին՝ վիրահայերի ու, մասնավորապես Թբիլիսիի հայ համայնքի համախմբման գործում դրսեւորած նախանձախնդրության համար:
Քաղաքապետը նաեւ նկատել է, որ հայրենիքից հեռու, թեկուզեւ բարեկամ պետության մեջ ապրող հայերի շրջանում ազգային մշակույթի եւ ավանդույթների պահպանումն իրոք հեշտ չէ, եւ այս տեսանկյունից եկեղեցու դերը գնահատել է բացառիկ: Օգտվելով առիթից` նա նաեւ շնորհակալություն է հայտնել գործընկերոջը հայ համայնքի հանդեպ ցուցաբերած բարի վերաբերմունքի համար: Տարոն Մարգարյանը նաեւ վստահեցրել է, որ Երեւանի քաղաքապետարանը պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում աջակցելու եւ օժանդակելու Վիրահայոց թեմի հայապահպան նախաձեռնություններին:
Այնուհետ Երեւանի քաղաքապետը մտերմիկ մթնոլորտում շփվել է պատարագին մասնակից թբիլիսահայերի հետ: