Մեծամոր ամրոց–քաղաքում կատարված պեղումները վկայում են, որ Արարատյան դաշտավայրում դեռևս մեր թվարկությունից առաջ առաջին հազարամյակում քաղաքներ են եղել: Այդ մասին երեքշաբթի լրագրողներին հայտնել է հնագիտական արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր Աշոտ Փիլիպոսյանը։
Մեծամոր ամրոց–քաղաքում անցկացված պեղումները սկսվել են 1962 թվականին և ոչ մեծ ընդհատումներով շարունակվում են մինչ օրս։ 2013 թվականին արշավախմբին միացել են Վարշավայի հնագիտական թանգարանի լեհ մասնագետները։
«Այս տարի լեհ հնագետների հետ համատեղ անցկացված պեղումների ընթացքում մենք պարզել ենք, որ նախքան Վանի թագավորության (Ուրարտու պետություն) ձևավորումն Արարատյան դաշտավայրում արդեն քաղաքներ են եղել»,– ասաց Փիլիպոսյանը։
Նրա խոսքով` մասնավորապես, այս տարի հայտնաբերվել են նոր դամբարաններ, կերամիկական իրեր, զարդեր, աշխատանքային գործիքներ և այլ նմուշներ, որոնք ապացուցում են առաջին հազարամյակի սկզբին Մեծամորում քաղաքային կյանքի գոյությունը։
Փիլիպոսյանը միաժամանակ նշեց, որ հաջորդ տարի պեղումներն այս վայրում կշարունակվեն, և արշավախմբի մասնակիցներին կհաջողվի հստակեցնել պատմական տարբեր ժամանակաշրջաններում այդ բնակավայրի բնակիչների տնտեսական դրությունը։
Մեծամոր ամրոց–քաղաքը գտնվում է Երևանից ոչ հեռու` Արարատյան դաշտավայրի ամենակենտրոնում։ Ամրոցը զբաղեցնում է հրաբխային բլրի ամբողջ մակերեսը և հարակից տարածքի մի մասը։
Նովոստի–Արմենիա