Տիգրան Սիրունյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, ԳԱԱ լեզվի ինստիտուտի գիտաշխատող: Զբաղվում է 20-րդ դարի լեզվափիլիսոփայությամբ, մասնավորապես՝ լեզվական խորհրդանիշի տեսությամբ:
Պատասխանել խոստանում է իմ ոչ բոլոր հարցերին, այլ միայն նրանց, որոնք իրեն մտահոգում են:
- Տիգրան, ի՞նչ կասեք վերջին երկու տարիներին անցկացվող մրցանակների ու խրախուսական մրցանակաբաշխությունների վերաբերյալ. պետական կառույցների կողմից՝ «Ակադեմիա» մրցանակ, հասարակական կառույցների՝ ՀԵՀ-ի «Հայկյան» մրցանակ և «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» մրցանակներ, մասնավոր հիմնադրամների՝ «Ազդեցության գործակցի» («Ծառուկյան» հիմնադրամ) և «Հղումների քանակի» («Տաշիր» հիմնադրամ)։ Արդյո՞ք դրանք բավականչափ փոխում են իրավիճակը։ Ինչպե՞ս զարգացնել քայլերը, որպեսզի ավելի լուրջ փոփոխություններ տեղի ունենան։
- Մրցանակի բնույթն այնպիսին է, որ հրապարակային է տրվում, և դրա նպատակն ու արդյունքն այդ մակարդակում պետք է գնահատել: Դրանք հաճախ մտահոգ երևալու փորձեր են, որ կարող են մի քանի օրվա անզգայացում պարգևել, իսկ ժամանակավոր աջակցությունը լուրջ փոփոխության չի հանգեցնի, մխիթարելով իրավիճակը չի փոխվի. հիմնավոր քայլեր են պետք:
- Այս տարի «Հայկյան» մրցանակաբաշխության արդյունքներն ամփոփելիս որպես հիմք ընդունվել է միջազգային ազդեցության գործակից ունեցող կամ գիտական շտեմարաններում ինդեքսավորվող ամսագրերում տպագրությունների քանակը, իսկ անցյալ տարի դիտարկվում էր հղումների թիվը։ Ձեր կարծիքով, ո՞ր չափանիշն է ավելի լավ արտացոլում մրցանակի «Լավագույն երիտասարդական գիտական նվաճում» անվանակարգը։ Ընդհանրապես, ի՞նչ կարծիքի եք. ի՞նչ չափանշներով արժե անցկացնել այս մրցույթը հաջորդ տարիներին։
- Եթե հոդվածը տպագրվել է միջազգային ազդեցության գործակցով ամսագրում, նշանակում է՝ արժեքավոր ուսումնասիրություն է, և ընդունելի չափանիշն էլ դա է: Գիտությունը մեկուսացած չէ, որ տեղի ամսագրերում տպագրվելը բավարար լինի՝ աշխատանքի որակը որոշելու համար: Բայց այս չափանիշը անխտիր կիրառելը ճիշտ չէ, քանի որ տարբեր ուղղություններ նույն չափով հասանելի ու հետաքրքիր չեն միջազգային ասպարեզում, սպեցիֆիկան կարող է թույլ չտալ հաճախ տպագրվել դրսում, և օրինակ՝ պարզվի, որ մեր երկրում ֆիզիկոսն ավելի վաստակ ունի, քան պատմաբանը: Այն գիտությունների ներկայացուցիչները, որոնք ազգային մշակույթ ու պատմություն են ուսումնասիրում, չեն կարող միջազգային ամսագրերում այնքան արդյունքներ հրապարակել, որքան այն գիտություններինը, որոնք չունեն ազգային սահմանափակում:
- Որո՞նք են Հայաստանում երիտասարդ գիտնականների առջև ծառացած հիմնական խնդիրները և որոնք՝ լուծման ճանապարհները:
- Երիտասարդ թե ավագ, կարծում եմ, խնդիրները նույնն են. գոնե վարձատրության հարցում: Իսկ լուծման ուղի կարող է լինել գիտության բյուջեի ավելի նպատակային կառավարումը: Սոցիալական հավասարությամբ աշխատավարձ բաժանելով՝ սոցիալական խնդիր է լուծվում, իսկ ֆինանսների կենտրոնացումը քիչ, բայց հիմնավոր քայլերի հնարավորություն կտար:
- Ձեր կարծիքով, որո՞նք են Հայաստանում գիտության թերֆինանսավորման պատճառներն ու խորքային արմատները։ Կկատարե՞ք հակիրճ վերլուծություն, թե ինչու է այդպես ստացվել, և ըստ Ձեզ՝ ի՞նչ պետք է անել՝ վիճակը շտկելու համար։
- Պատճառները, կարծում եմ, մակերեսայնությունն ու բանավորությունն են: Որոշ քայլեր արվում են, բայց բավարար չեն փոփոխության համար: Պետության գնահատականը աշխատավարձն է, վարձատրում են այնքան, որքան գնահատում են. 30-40 հազար դրամով ապրելն անհեթեթ փորձ կլիներ, իսկ անհեթեթություն պարտադրել կամ առաջարկել, նշանակում է պայմաններ ստեղծել, որ գիտաշխատողը հեռանա կամ զուգահեռ այլ տեղ աշխատի, իսկ դա արդյունավետության հաշվին է: Գիտության դերը չի գնահատվում ըստ էության, իսկ մակերեսում կարելի է ցույց տալ այն, ինչ ձեռնտու է: Այստեղ էլ երկրորդ խնդիրը՝ բանավորությունը. բառերի մեծ կուտակում կա, կարծես, պատրաստ են, ուզում են ինչ-որ բան փոխել, բայց ինչ էլ խոսեն, քայլերը հաստատում են, որ ֆինանսական նվաստացումը միակ բանն է, որ պետությունը կարող է զիջել գիտությանը: Արժեհամակարգի խեղումը պատճառ չէ, երևույթի արտաքին նշան է: Եթե իդեալներ լինեն, արժեքներ կստեղծվեն, իսկ առանց իդեալի, արժեքը խորթ, ավելորդ բան է կամ էժան մեդալ, գիտական կոչում, որ շռայլորեն բաժանվում է:
- Կարծիքներ կան, որ գիտնականի միակ գործը պետք է լինի բացառապես գիտությամբ զբաղվելը՝ առանց հողեղեն-նյութական բաներին ուշադրություն դարձնելու։ Ի՞նչ կասեք՝ գիտնականը դադարո՞ւմ է գիտնական լինել այն պահից, երբ սկսում է մտածել իր գործով վաստակելու մասին:
- Հարցի տրամաբանությամբ` գուցե զարմանալի թվա, բայց գիտնականը կարող է ընտանիք ունենալ, իսկ դա պատասխանատվություն է, նաև` ֆինանսական: Գիտությամբ զբաղվելը սխրանք չէ. գիտաշխատողը մարդ է, ում համար, ինչպես բոլորի, կենցաղը հոգս է:
- Ինչպե՞ս եք վերաբերվում երիտասարդ գիտնականների կողմից իրենց խնդիրների բարձրաձայնմանը վիրտուալ կամ իրական հարթակներում։
- Երիտասարդների ակտիվությունը, անկախ հարթակի բնույթից, նորմալ է, միջոցը կարող է վիրտուալ լինել, բայց դժգոհությունն իրական է:
- Երկարաժամկետ տեսլականով՝ Հայաստանո՞ւմ եք պատկերացնում Ձեր ապագան, մասնագիտական հետագա աճը , թե՞ արտասահմանում։
- Իմ մասնագիտությունը լեզվի ոլորտում է, իսկ հայերենի տարածքը Հայաստանն է, հետևաբար չեմ էլ մտածում հեռանալու մասին: Այստեղ եմ շարունակելու գործս, և վստահ եմ, որ էական արդյունք լինելու է:
Մանե Հակոբյան