Վարդան Ափինյանը գիտությունների թեկնածու է, այժմ հետդոկտորական PostDoc կարգավիճակ ունի, աշխատում է Լեհաստանի Գիտությունների ազգային ակադեմիային պատկանող` Վ. Չեբիատովսկու անվան Ցածր ջերմաստիճանի և կառուցվածքային հետազոտությունների ինստիտուտի (ILTSR, Institute of Low Tempereature and Structure Research) կոնդենսացված միջավայրերի տեսական ֆիզիկայի լաբորատորիայում: Թեկնածուական ատենախոսության վերնագիրն է` «Արդյունարար փոխազդեցությունները և էներգիական կառուցվածքային առանձնահատությունները խիստ փոխկապակցված էլեկտրոնային համակարգերում»: Անգլերեն տարբերակով՝ "Emergence of energy scales and effective interactions in systems of strongly correlated electrons".
- Թե ի՞նչն է ինձ ձգում գիտության մեջ, ինչո՞ւ որոշեցի գիտնական դառնալ հարցին ի պատասխան ասեմ, որ հայրս իր գրադարանում, բազմաթիվ այլ գրքերի կողքին մի գիրք ուներ` «Ճանապարհ դեպի գիտություն» վերնագրով: Հեղինակն էր Աշոտ Արզումանյանը (նույն հեղինակն ունի նաև գիրք՝ գրված Վիկտոր Համբարձումյանի մասին): Գիրքը հայ ականավոր գիտնական, ակադեմիկոս Սերգեյ Նիկիտի Մերգելյանի մասին էր: Այդ գիրքը, չգիտես ինչու, միշտ իմ աչքով ավելի հաճախ էր ընկնում, քան մյուս բազմաթիվ գունազարդ և հետաքրքիր գրքերը (այն ժամանակ ես դեռ 12 տարեկան էի): Եվ մի անգամ չդիմացա և հարցրի հորս՝ Հայրի՛կ, ինչի՞ մասին է այս գիրքը։ Եվ հայրս, որ շատ գիրք կարդացած մարդ է, այնքան հետաքիքիր և ուշագրավ ներկայացրեց Մերգելյանի մասին այդ գլուխգործոցը, որ ես քարացած լսում էի նրան: Նույնիսկ գրքի հետագա անհագուրդ հետաքրքրությամբ ընթերցումը ինձ այնքան հաճույք չպատճառեց, որքան հորս հետաքրքիր պատմելը: Այ այդ պահից էլ ինձ մոտ անասելի ցանկություն առաջացավ՝ զբաղվել գիտությամբ և հատկապես ֆիզիկայով, փորձել նվաճել գիտության, այն ժամանակ այնքան հեռու թվացող, բարձունքները, բացահայտել մատերիան՝ իր այնքան բարդ, բայց, միևնույն ժամանակ, անասելի հետաքրքիր կառուցվածքով:
Այլ հետաքրքրություններ էլ, իհարկե, շատ ունեմ. կյանքում շատ հետաքրքրվում եմ փիլիսոփայությամբ` հատկապես արևելյան: Նույնիսկ այն աստիճան, որ ունեմ ռեֆերատ` նվիրված «Քվանտային մեխանիկայի մեկնաբանմանը ռացիոնալ ինտուիցիայի տեսանկյունից, Է. Կանտի և Բերգսենի մետափիլիսոփայական զուգահեռին»: Ներկայում կարդում եմ Կոնֆուցիոս: Ինձ գերում է այդ նախապատմական իմաստունի հանճարը:
Կյանքիս ամենաշրջադարձային պահերից է ընտանիք կազմելս, բալիկիս ծնունդը, իսկ մասնագիտական կարիերայիս մեջ կուզենայի նշել 2001 թ.–ի ամառը, երբ որոշեցի փոխել իմ մասնագիտական ուղղվածությունը` միջուկային ֆիզիկայից կոնդենսացված միջավայրերի ֆիզիկա:
Գիտական աշխատանքներ ունեմ մի քանիսը: Դրանք շատ չեն, սակայն ծավալուն են: Աշխատել և աշխատում եմ այնպիսի մարդկանց հետ, որոնք չափազանց խստապահանջ են: Առաջին գիտական աշխատանքս տպագրել եմ Ֆրանսիաում ուսանելուս շրջանում: Աշխատանքը վերաբերում էր մագնիսական մի հետերոկառուցվածքի հատկութունների ուսումնասիրությանը՝ դաշտի քվանտային տեսության մեթոդներով: Օգտագործելով Կելդիշի անհավասարակշիռ համակարգերի մեթոդիկան՝ ստացանք չափազանց հետաքրքրիր գիտական արդյունք, որն ամիջապես տպագրվեց՝ մի ծավալուն հոդվածի տեսքով: Այն ժամանակ և նույնիսկ մինչև հիմա մեր ստացած արդյունքը համարվում է խոշոր գիտական բացահայտում և ունի 17 հղում՝ ճանաչված գիտնականների կողմից: Այդ ժամանակ ես 21 տարեկան էի, և ինձ համար դա շատ մեծ հաջողություն էր ու լավ նախադրալ՝ հետագա գիտական կարիերայի համար: Այդ ժամանակ էր, որ ծանոթացա ֆիզիկայի այնպիսի գիգանտների հետ ինչպիսին է Ֆիլիպ Նոզիերը, Վլադիմիր Մինեևը՝ Լանդաուի ինստիտուտից, Պիտեր Հաուստվորթը և Ռ. Բաքսթերը:
Մասնակցել եմ բազմաթիվ միջազգային գիտաժողովների: Դրանցից հատկապես կուզեի նշել Ռիչարդ Ֆերրելին նվիրված գիտաժողովը, որը կազմակերպել էր Պիտեր Ֆուլդեն` Մաքս Պլանկի անվան միջազգային գիտահետազոտական-ասպիրանտական դպրոցի հիմնադիրը, որտեղ ուսանել եմ նաև ես: Ի դեպ ասեմ, որ Պիտեր Ֆուլդեն նաև Դրեզդենի Մաքս Պլանկի անվան ֆիզիկայի ինստիտուտի տնօրենն էր, սակայն այժմ տարիքի պատճառով թոշակի է անցել: Այդ գիտաժողովին մասնակցում էին այնպիսի դեմքեր՝ ինքպիսին է Նոբելjան մրցանակակիր Պիեռ Հոհենբերգը, Ալեքսանդր Ցվելիկը և էլի պինդ մարմնի ֆիզիկայի բնագավառի հանրահայտ դեմքեր: Վերջերս Հաբբարդի մոդելի շրջանակներում մեր կատարած ծավալուն աշխատանքին արձագանքեց Ասսա Աուերբախը՝ Հայֆայի համալսարանից, ով նույնպես բնագավառի գիգանտներից է:
Եթե խոսելու լինենք միջազգային գիտական համագործակցություններից, ապա կարող եմ ասել, որ այժմ աշխատում եմ Լեհաստանում և, բացի տեղական գիտակրթական ծրագրերից, մեր խումբն այլ ծրագրերում ընդգրկված չէ: Իսկ խմբի ինտեգրվածության աստիճանը՝ միջազգային գիտական տարածքին, գնահատում եմ բավական բարձր:
Գիտական մրցանակներից և դրամաշնրհներից խոսելիս, չեմ կարող չնշել, որ այստեղ՝ Լեհաստանում, «գիտությանը լավ են նայում», ի տարբերություն մեր երկրի։ Այդ պատճառով էլ ասպիրանտական տարիներին ստացել եմ «ասպիրանտական դրամաշնորհ», որն, ի դեպ, մեզ մոտ բացակայում է ընդհանրապես: Համոզված եմ, որ շատերը նույնիսկ չեն էլ լսել այդպիսի դրամաշնորհի մասին: Ի դեպ, այն չնչին չէ:
Աշխատանքները կատարում ենք 2 համահեղինակով: Իսկ թե որքա՞ն մասն է դրանցում իմ անձնական ներդրումը, իհարկե կախված է աշխատանքից, վերջին մեր կատարած աշխատանքի օրինակով կարող եմ ասել, որ, անալիտիկ հաշվարկների առումով, աշքատանքի 80 տոկոսը ինձ է պատկանում, իսկ թվային հաշվարկների առումով` 100 տոկոսը:
Հայաստանում գիտության թերֆինանսավորման պատճառներն ու խորքային արմատները կարող եմ դասակարգել՝ ըստ կարևորության նվազման.
1) Արժեհամակարգի խեղումը՝ անկախության տարիներին
2) «Պետության» բացարձակ անտարբերությունը՝ գիտության նկատմամբ
3) Համապատասխան «պետական օղակների» վատ աշխատնքը։
Բայց սրանցից ամենադաժանը և խոցողը, կարծում եմ, որ երկրորդն է: Գիտեք, անտարբերությունը, որ «պետության» կողմից ցուցաբերվում է, ավելի դաժան է, քան մոռացությունը: Այս դեպքում անտարբերությունն ուղղակի աններելի է: Գիտության բնագավառի հանդեպ անտարբերություն ցուցաբերել ուղղակի չի կարելի: Ի՞նչ է նշանակում 35 000 դրամը, որ այսօր տրվում է գիտաշխատողին։ Ավելի լավ չէ՞ ընդհանրապես վերացնել գիտությունը, քան այդ մարդկանց տանջամահ անել։ Եվ ամենապարադոքսալը դրա տրամաբանությունն է` ինչո՞ւ են գիտնականից ակնկալում կողմնակի եկամուտ։ Որովհետև հասկանալի է, և մանկապարտեզի երեխայի համար անգամ պարզից պարզ է, որ այդ գումարով չես ապրի և, առավել ևս, ընտանիք չես պահի: Ո՞վ է ասել և որտե՞ղ է գրված, որ գիտնականը պետք է ունենա կողմնակի եկամուտ։ Այ հենց այս հարցերի պատասխանների բացակայությունն է կամ դրանց արհամարհումն է, որ դառնում է պատուհաս գիտնականի համար: Սա ուղղակի որդեգրված «քաղաքականություն է», որը ուղղակի տանում է դեպի գիտության աստիճանական վերացմանը Հայաստանում:
Բոլոր տեսակի մրցանակաբաշխություններին, որոնք ուղղված են գիտնականին դեպի գիտություն է՛լ ավելի մոտիվացնելու համար, շատ և շատ դրական եմ վերաբերվում, բայց մեր երկրի պարագայում դա ուղղակի սինթետիկ է: Գիտությունը հոբբի չէ, որ երբ ցանկանաս զբաղվես, իսկ երբ ոչ՝ ոչ: Մեր երկիրը պետք է կողմնորոշվի` կա՛մ իրեն անհրաժեշտ է գիտություն, կա՛մ՝ ոչ: Այլընտրանք ուղղակի չկա, իմ կարծիքով: Պատկերացրեք մի տուն, որ կառուցված է սահող ավազների վրա, այն վաղ թե ուշ անպայման կփլվի: Նույն էլ գիտության մեջ է. տարատեսակ մրցանակները միայն մրցանակներ են և ոչ ավելին: Մեր երկրում խեղաթյուրվել է առաջնայինի հասկացությունը, և դա, իմ կարծիքով, դիտավորյալ է արվում: Դա թերևս կարելի էր կանխագուշակել անկախության առաջին տարիներին, երբ սկսվեց արտագաղթը: Օրինակ, կայուն գիտություն ունենալու պայմաններում, ավելի տրամաբանական կհամարեի գիտական գրականության թարգմանությանն ուղղված ներդումները, քան այդ մրցանակաբաշխությունները: Մեր աճող երիտասարդությունն ալլևս այն մակարդակի չգիտի ռուսերենը ինչպես Խորհրդային միության տարիներին, անգլերենին էլ համարյա չի տիրապետում: Ի՞նչ գրականությամբ են նրանք սովորելու մի քանի տարի անց, հնացա՞ծ, հնուց մնացա՞ծ։
Մրցանակաբաշխության արդյունքներն ամփոփելիս հիմք ընդունել տպագրությունների քանա՞կը, թե՞ հղումների թիվը հարցի մասին. իմ կարծիքով՝ տպագրությունների քանակը։ Քանի որ հղումներն աշխատանքի վրա արվում են տարիների ընթացքում, իսկ երիտասարդ գիտնականը չի կարող շատ հղումներ ունենալ իր աշխատանքի վրա, դրա համար անհրաժեշտ է ժամանակ: Եթե կիրառվի նորմավորված ազդեցության գործակցով ընտրության տարբերակը, ավելի տրամաբանական կլինի:
Ամփոփելով ասեմ՝ պետք է ուղղակի ունենալ ցանկություն (խոսքս պետական այրերի մասին է) և գիտությանը վերաբերվել ինչպես հարկն է, իսկ սա, իմ կարծիքով, շատ անհավանական է ներկայիս «իշխանությունների» օրոք:
Հայաստանում երիտասարդ գիտնականների առջև ծառացած հիմնական խնդիրներից են`
1. Գիտության և գիտնականի նկատմամբ հասարակական կարծիքի խեղաթյուրված լինելը` այժմ մեր երկրում գիտնականը դասվում է կիսաշիզոֆրենիկ մի կատեգորիայի: Դե իհարկե, միայն շիզոֆրենիկը կապրեր 35 000 դրամ աշխատավարձով:
2. Գիտնականի խոսքը կորցրել է իր ուժը: Սրա պատճառը անկասկած անկախության տարիներին գիտության արհամարումն էր և գիտնականներին շատ վատ պայմանների մեջ գցելը: Ի՞նչ է, կարծում են պատիժ ասվածը չկա՞։
3. Վերջապես, պետք է նշել այն ծանր բարոյահոգեբանական վիճակը, որում հայտնվել է երիտասարդ գիտնականը և ընդհանրապես հայ երիտասարդը: Սրանք հարցեր են, որոնց արհամարհումը կհանգեցնի շատ խորը բարոյական ճգնաժամի: Դրա նախանշաններն արդեն կան, ինչն առավել ակնհայտ է, երբ վերադառնում ես արտասահմանից և նոր հայացքով ես նայում անցուդարձին Հայաստանում:
Այս և շատ այլ կարևոր խնդիրների լուծման ճանապարհները շատ բարդ են, և ուղղակի պետք է կատարվեն պետական մասշտաբով, ուղղակի պետք է պետություն ունենալ և սրտացավ ինտելեկտուալ մարդիկ:
Այո, գիտնականի գործը պետք է լինի բացառապես գիտությամբ զբաղվելը, սակայն մեր երկրում դա ուղղակի ուտոպիա է, քանի որ գիտնականը պայման չունի գիտությամբ զբաղվելու: Այդպես մտածել մեր պարագայում նշանակում է, այսպես ասած, աչքերը փակել կամ ուղղակի թոզ փչել մարդկանց աչքերին՝ արտահայտելով ինչ-որ վեհ մտքեր` իրականում քողարկելով այն ճգնաժամը, որ կա Հայաստանում: Նրանք, որքեր ասում են, թե գիտնականը դադարում է գիտնական լինել այն պահից, երբ սկսում է մտածել իր գործով վաստակելու մասին, երևի նկատի ունեն միջնադարյան որոշ գիտանկանների, որոնք ուղղակի հետապնդվել են հանրության կողմից և դատապարտվել իրենց գաղափարների համար, բայց հասկացեք, խնդրեմ, այդ ժամանակներն անցել են, հավատացնում եմ Ձեզ, որ Եվրոպայում, առավել ևս՝ ԱՄՆ-ում աշխատող ոչ մի գիտնական սոված կամ անտուն չէ: Գիտնականին պետք չէ նույնացնել հոգևորականի կամ քահանայի հետ (չնայած նրանց պարագայում ևս դա տեղին չէ ասված), որոնք ապրում են (կամ, ավելի ճիշտ, ըստ իրենց մոտեցումների` պետք է ապրեն) առանց հողեղեն-նյութական բաներին ուշադրություն դարձնելու, սա մեր ազգի հերթական մոլորություններից է:
Դրական միտումներ բացարձակասպես չեմ տեսնում, ինչ որ անում են, նկատի ունեմ մի քանի վերանորոգումներ և մի քանի դպրոցների կառուցում, դա ուղղակի նպատակ է հետապնդում՝ մի երկու կոպեկ ծախսելով կարծիք ստեղծել, թե լուրջ փոփոխություններ են անում: Գիտե՞ք` ուղղակի ամոթ է: Այդ ողորմությունը թող պահեն իրենց:
Ինչ վերաբերում է գիտական աշխարհում կոռուպցիայի տարածվածությանը` դժվարանում եմ պատասխանել, քանի որ ինքս երբևցե երկարատև չեմ աշխատել Հայաստանում։ Միայն կարող եմ ասել հետևյալը` այո՛, երիտասարդ գիտնականների աշխատանքը շահագործվում է այդ չնչին, ողորմություն հանդիսացող աշխատավարձով: Եվ կարևոր չէ՝ այդ գիտնականը հանճարե՞ղ է, թե՞ ոչ: Կարևորը մարդկային վերաբերմունքն է, որ բացակայում է երիտասարդի հանդեպ:
Մոտ 8 տարի կլինի՝ արտասահմանում եմ, աշխատել եմ Ֆրանսիայում, Գերմանիայում, Լեհաստանում: Տարբերությունները շատ մեծ են, գիտե՞ք, ուղղակի անհամեմատելի, ի միջի այլոց՝ և՛ մարդկային հարաբերությունների, և՛ զուտ գիտական առումներով: Մենք նրանցից շատ բան ունենք սովորելու:
Երկարաժամկետ տեսլականով՝ Հայաստա՞ն, թե՞ արտասահման հարցին՝ կարճ պատասխան՝ չգիտեմ:
Իսկ հայաստանյան գիտական հանրությանը մաղթում եմ համբերություն, հույս և խելացի, հավասարակշռված որոշումներ:
.
Զրուցեց Մանե Հակոբյանը