Մարտի 29-ին ՀՀ սփյուռքի նախարարություն այցելեցին Կանադայի Տորոնտո քաղաքի Հայ Օգնության Միության (ՀՕՄ) ամենօրյա վարժարանի աշակերտներ` վարժարանի փոխտնօրեն Րաֆֆի Սարգիսյանի և ուսուցչուհի Թալին Արթինյանի գլխավորությամբ:
ՀՕՄ և վարժարանի տնօրինության ջանքերով իրականացվող ծրագրի շրջանակներում արդեն հինգերորդ տարին անընդմեջ վարժարանի տասներորդ դասարանի աշակերտներն երկու շաբաթով այցելում են Հայաստան, լինում պատմամշակութային վայրերում, ծանոթանում հայկական ազգային արժեքներին և ավանդույթներին, ունկնդրում դասախոսություններ և վերադառնալով` իրենց տպավորությունների մասին պատմում վարժարանի աշակերտներին:
ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված ֆիլմի դիտումից հետո ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչության պետ Ա.Մխիթարյանը և գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Ս.Համբարյանը ներկայացրեցին նախարարության ծրագրերը` անդրադառնալով հատկապես կրթական, մշակութային և երիտասարդական ծրագրերին:
Ամերիկայի հայ համայնքների վարչության Հյուսիսային Ամերիկայի հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ Գ.Դաբաղյանը նշեց, որ ամեն տարի Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետպատվերի շրջանակներում հայագիտական առարկաների գծով 70 տեղ է հատկացնում սփյուռքահայ շրջանավարտներին և կոչ արեց վարժարանի աշակերտներին բարձրագույն կրթություն ստանալ Հայաստանում:
Ներկայացնելով 1979թ. հիմնված, ներկայում 510 աշակերտ ունեցող ամենօրյա վարժարանի գործունեությունը` Ր.Սարգիսյանը նշեց, որ վարժարանում միաժամանակ կարևորվում է թե կրթական բարձր մակարդակի ապահովումը, և թե հայկական ազգային արժեքներին և ավանդույթներին ծանոթ, հայկական նկարագիր ունեցող սերնդի դաստիարակությունը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև համայնքային հիմնախնդիրներին: Պայմանավորվածություն ձեռք բերվեց վարժարանին գրքեր, ուսումնաօժանդակ նյութեր, Հայաստանի Հանրապետության խորհրդանիշեր ուղարկելու վերաբերյալ:
Նախարարության աշխատակիցները վարժարանի աշակերտներին նվիրեցին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ հրատարակված գրքեր և խտասալիկներ: