2012 թվականի փետրվարի 28-ին Հայոց մարդասիրական ճեմարան (Կալկաթա, Հնդկաստան) այցելեց ամերիկահայ նշանավոր գրող Ջոն Դ. Բալյանը՝ իր «Գորշ գայլեր եւ սպիտակ աղավնիներ» գրքի շնորհանդեսի առիթով:
Հնդկահայոց հոգեւոր հովիվ, Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանի անունից հեղինակին ողջունեց եւ ճեմարանի աշակերտներին ու աշխատակազմին ներկայացրեց ճեմարանի կրթական տնօրեն տիար Սումիթրա Մալիկը: Նա շնորհակալություն հայտնեց դոկտոր Ջոն Բալյանին՝ Մարդասիրական այցելելու համար, հատկապես այնպիսի մի ժամանակաշրջանում, երբ հայ ժողովուրդը տոնախմբում է հայ տպագրության 500-ամյակը, երբ Երեւանը 2012 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հայտարարվել է գրքի համաշխարհային մայրաքաղաք:
Դոկտոր Ջոն Դ. Բալյանն ավարտել է Կոլումբիայի Համալսարանը (Columbia University) եւ Թաֆթսի անվան Բժշկական Համալսարանը (Tufts University School of Medicine): Այժմ նա Համաշխարհային բաժնետիրական ընկերություններից մեկում ավագ գործադիր է:
«Գորշ գայլեր եւ սպիտակ աղավնիներ»-ը դոկտոր Ջ.Դ. Բալյանի առաջին վեպն է Հայոց ցեղասպանությունը վերապրածների մասին: Այնտեղ ներկայացված անհատի բարդ հարաբերությունները հասարակության հետ, կրոնական թշնամանքը, մարդկային անհավատարիմ փոխհարաբերությունները վերցված են ժամանակակից մարդու կյանքի փորձառությունից: Գիրքը գրված է պարզ եւ պատկերավոր ոճով, այն հիշեցնում է այն առածը, թե ամեն մի մութ ամպ ունի արծաթե երեսպատում: Վեպը երբեմն նմանվում է Պանդորայի ձախորդությունների արկղին: Այն կոչ է անում ընթերցողին երբեք չհուսահատվել, քանի որ ամեն ինչ հնարավոր է:
Իր ներածական խոսքում դոկտոր Ջոն Դ. Բալյանն ընդգծեց, որ գիրքը գրելու դրդապատճառը եղել է Հայոց ցեղասպանության մասին իրազեկելը: Հեղինակն ի մասնավորի ասաց. «Դուք պետք է երազեք: Հակառակ բոլոր խոչընդոտներին, ամեն ինչ պետք է անեք, որպեսզի կյանքի կոչեք ձեր երազանքները: Նրանք, ովքեր կհասկական այս ամենը, գուցե ամենալավերը չեն, բայց վստահաբար հաստատակամներն են եւ հետեւողականները»:
Հանդիպման վերջում ճեմարանի աշակերտները եւ ուսուցիչներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին դոկտոր Բալյանին, որից հեղինակն անչափ տպավորվեց:
Ձեռնարկն անցավ գրական եւ ուսուցողական մթնոլորտում: