Կրասնոդարի երկրամասի մի քանի շրջանների հայ հասարակության ներկայացուցիչները եկել են այն եզրակացության, որ Կրասնոդարի երկրամասում անհրաժեշտ է ստեղծել նոր հայկական կառույց՝ Հայկական Կոորդինացիոն Խորհուրդ (ՀԿԽ), որի մասին դրույթը պատրաստ կլինի մոտ օրերիս: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի Լրատվական Կենտրոնը, ստեղծվող կառույցի նպատակը կլինի Կրասնոդարի երկրամասում հայկական կազմակերպությունների եւ անձանց ազգային հասարակական-քաղաքական գործունեության կոորդինացումը՝ Հայոց Ցեղասպանության գալիք 100-ամյակի լույսի տակ, ինչպես նաեւ այլ հարցերի քննարկումն ու լուծումը: Երկրամասային Հայկական Կոորդինացիոն Խորհրդի ստեղծման մասին որոշումն ընդունվել է Նովոռոսիյսկում՝ հունվարի 29-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Ժողովին մասնակցել են Կրասնոդար, Նովոռոսիյսկ, Սոչի քաղաքների եւ Տուապսեի ու Ապշերոնսկի շրջանների հայկական հասարակական կառույցները: Սպասվում է ՀԿԽ-ին Կուբանի այլ շրջանների հայկական ուժերի միացումը:
Նովոռոսիյսկում անցկացված ժողովի ընթացքում ստեղծվել է նաեւ քաղաքային Հայկական Կոորդիանացիոն Խորհուրդ, որի կազմի մեջ մտել են Նովոռոսիյսկ քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Եկեղեցական Խորհուրդը (ավագ քահանա՝ Տեր Կոմիտաս Հարությունյան), Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի անվան Մեծ Հայրենական Պատերազմի հուշարձանների վերանորոգման Հիմնադրամը (նախագահ՝ Էդուարդ Գազարիկյան), «Ընկերության եւ Համագործակցության Միջազգային Հայ-Կազակական Միությունը» (նախագահ (ատաման)՝ Ազիբեգ Սիրադեղյան), «ԴԱՐ» Հայկական մշակութային-լուսավորչական ընկերություն (նախագահ՝ Վահրամ Կալայջյան): Նովոռոսիյսկ քաղաքի ՀԿԽ-ն արդեն սկսել է 2012 թվականի միջոցառումների ծրագրումը, որոնցից ամենամոտիկները կապված են Թուրքիայի կողմից իրականացված Հայոց Ցեղասպանության զոհերի Հիշատակի Օրվա հետ:
Նովոռոսիյսկում հունվարի 29-ին հավաքված հայկական հասարակական կառույցների ղեկավարներն ու անդամները քննարկել են նաեւ մի շարք այլ հարցեր, մասնավորապես՝ Ռուսաստանում Հայոց Ցեղասպանության հերքումը քրեականացնող օրենքի ընդունման վերաբերյալ ՌԴ Դումային ուղղված դիմումի տակ ստորագրություններ հավաքելու համար կազմակերպված ակցիայի անցկացման ընթացքը: Սոչիի Հայերի Միության նախագահ Վալերի Թորոսյանը եւ Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի գլխավոր խմբագիր Տիգրան Թավադյանը պատմել են այդ ակցիայի նպատակների, դրա մոտիկ փուլերի, ինչպես նայեւ դրա անցկացումը խափանել փորձող ուժերի մասին: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ավագ քահանա Տեր Կոմիտաս Հարությունյանը տեղեկացրել է Նովոռոսիյսկում եկեղեցու կառուցման ընթացքի եւ դրա կապակցությամբ առաջացող խնդիրների եւ հարցերի մասին: Նույն հարցին վերաբերող խոսքով ելույթ է ունեցել Հունան Ավետիսյանի անվան Հիմնադրամի ղեկավար եւ եկեղեցու խաչ-քավոր Էդուարդ Գազարիկյանը: Վերջերս ստեղծված «ԴԱՐ» մշակութային-լուսավորչական ընկերության նախագահ Վահրամ Կալայջյանը պատմել է կազմակերպությունը ստեղծելու դրդապատճառների եւ գործունեության ծրագրերի մասին: