Նոյեմբերի 21-ին Կիևում տեղի է ունեցել «Ուկրաինայի հայերի միություն» (ՈւՀՄ) Հասարակական կազմակերպությունների Համաուկրաինական Միության հերթական հաշվետու-վերընտրական կոնֆերենցիա: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի Լրատվական Կենտրոնը՝ հղում կատարելով Սամվել Ազիզյանին (ՈւՀՄ), կոնֆերենցիային մասնակցել են ավելի քան քառասուն պատվիրակներ և հյուրեր՝ Ուկրաինայի բոլոր տարածաշրջաններից, ինչպես նաև Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպան Անդրանիկ Մանուկյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանը, հայ հոգևորականներ և Ուկրաինայում ապրող հայ երիտասարդներ:
Կոնֆերենցիայի հաշվետու զեկուցման մեջ ՈւՀՄ նախագահ Հայկ Փամբուխչյանը պատմել է 2006 թվականից 2011-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքի մասին: Լսվել են նաև տարածաշրջանային ղեկավարների զեկուցումները՝ իրենց կատարած աշխատանքի մասին: Ակտիվ քննարկումից հետո Ուկրաինայի հայերի միության աշխատանքը բավարարար է ճանաչվել:
ՈւՀՄ նախագահ Հայկ Փամբուխչյանը շնորհակալութուն է հայտնել ներկաներին՝ հաշվետվության շրջանում ՈւՀՄ աշխատանքի գնահատման համար և առաջարկել կազմակերպության նախագահի պաշտոնում Վիլեն Շատվորյանի թեկնածությունը՝ բնութագրելով նրան որպես փորձառու ղեկավար, որն արժանի է գլխավորել Ուկրաինայի հայերի միության աշխատանքը: Վիլեն Շատվորյանը միաձայնորեն ընտրվել է «Ուկրաինայի հայերի միության» նոր նախագահ:
Ներկաներին դիմել է Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպան Անդրանիկ Մանուկյանը: Նա շնորհակալություն է հայտնել Հայկ Փամբուխչյանին՝ երկար տարիների աշխատանքի և Ուկրայինայի հայ համայնքին աջակցություն ցուցաբերելու համար և շնորհավորել Վիլեն Շատվորյանի նոր պաշտոնում ընտրված լինելը՝ հույս հայտնելով, որ նոր նախագահը բոլոր ջանքերը կգործադրի Ուկրաինայի հայկական համայնքների միավորման և ամրացման, մայրենի լեզվի ու պատմամշակութային ժառանգության պահպանման և զարգացման, հայ երիտասարդների հայրենասիրական դաստիարակման և դարավոր հայ-ուկրաինական մշակութային և ընկերական կապերի ամրացման համար:
Ուկրաինայի հայերի միության նոր ընտրված նախագահ Վիլեն Շատվորյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին՝ ցուցաբերված վստահության համար և նշել 2011-2016 թվականներին կազմակերպության գործունեության առաջնային ուղղությունները:
Հիշեցնենք, որ «Ուկրաինայի հայերի միություն» Հասարակական կազմակերպությունների Համաուկրաինական Միությունը ստեղծվել է 2001 թվականին: Այն ամենամեծ հայկական հասարակական կազմակերպությունն է, որը միավորում է Ուկրաինայի բոլոր հայկական համայնքները:
Կանոնադրության համաձայն՝ ՈւՀՄ նախագահն ընտրվում է հինգ տարի ժամկետով: Ուկրաինայի հայերի միության աշխատանքի հիմնական ուղղություն է հանդիսանում Ուկրաինայի կես միլիոն հոգուց բաղկացած հայ համայնքի մեջ վարվող մշակութա-լուսավորչական գործունեությունը:
Լուսանկարներն ու տեքստը՝ Սամվել Ազիզյանի