Հունվարի 30-ին լրացավ Հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի հերոս, Արցախյան ազգային-ազատագրական պայքարի լավագույն զավակներից Պետրոս Ղեւոնդյանի (Պետո) 50 ամյակը: Այդ առիթով Ախալցխայի Հայկական Երիտասարդական Կրթամշակութային Կենտրոնում տեղի ունեցավ ֆիլմի դիտում եւ դասախոսություն նվիրված քաջ հայորդու հիշատակին:
Երիտասարդական կենտրոնի պատմության խմբակի աշակերտները «Խոնարհ հերոսներե վավերագրական ֆիլմի եւ դասախոսության միջոցով մանրամասն ծանոթացան Պետոյի եւ նրա ընկերների հերոսական կենսագրության էջերին:
Երիտասարդները խորապես հուզվեցին, ինչպես նաեւ հերոսի օրինակով քաջալերվեցին տեղեկություններ ստանալով Պետոյի մասին:
Պետրոս Ղեւոնդյանը ծնվել է 1964թ. հունվարի 30-ին, ՀԽՍՀ Նաիրիի շրջանի Պռոշյան գյուղում։ Ղարաբաղյան շարժման ալիքի վրա Հայաստանում օր օրի ահագնացող հուզումների զանգվածային ցույցերի ակտիվ մասնակից էր։ Բայց երբ օղակը սկսեց սեղմվել «Ազատության կղզյակիե շուրջ, նա որպես կամավոր եկավ Արցախ։ Իր հրամանատարությամբ գործող գումարտակի հետ նա մասնակցել է Շահումյանի, Մարտակերտի, Մարտունու եւ Հադրութի շրջանների տասնյակ բնակավայրերի ազատագրման մարտերին, Քելբաջարի թշնամական հենակետերի ոչնչացման ռազմագործողությանը՝ բազմիցս ցուցաբերելով խիզախություն ու հերոսություն։
Շուշիի առանձնակի գումարտակի փոխհրամանատարը ոչ միայն մշակեց Օմարի լեռնանցքի ազատագրման դժվարին ծրագիրը, այլեւ իր գումարտակով, առանց զոհ տալու, իրականացրեց այն:
Զոհվել է 1994թ. փետրվարի 14-ին, Քելբաջարում, երբ նոր էր լրացել նրա 30 տարին:
1996 թ-ին` հետմահու, ԼՂՀ-ի կողմից պարգեւատրվել է «Մարտական խաչե շքանշանով: Նույն թվականին ՀՀ-ի կողմից պարգեւատրվել է Արիության մեդալով, ավելի ուշ ստացել է «Ոսկե արծիվե շքանշան` արժանանալով «Արցախի հերոսե կոչմանը: ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ազատամարտիկ-շրջանավարտի անունով են անվանակոչվել Պռոշյանի եւ Եղեգնուտի միջնակարգ դպրոցները: Իսկ 2007-ին նրա հարազատ ֆակուլտետում բացվեց Պետրոս Ղեւոնդյան անունը կրող լսարան:
akhaltskha.net