Ռուսական Արզամաս քաղաքի հայերը վախով են սպասում շաբաթ օրվան, երբ նշվելու է սպանված Ալեքսանդր Սլակաեւի մահվան 9-րդ օրը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Նիջեգորոդյան մարզի հայերի միության նախագահ Տիգրան Շահնազարյանը:
Նրա խոսքով՝ ներկայումս քաղաքում հանգիստ է, սակայն չի բացառվում, որ շաբաթ՝ դեկտեմբերի 14-ին, Արզամասում կրկին հուզումներ տեղի ունենան: «Չի բացառվում, որ դեկտեմբերի 14-ին, քաղաքում կրկին կսկսեն ավերել հայկական օբյեկտները»,-ասաց նա՝ հավելելով, որ իրավապահ մարմինները համապատասխան միջոցառումներ են ձեռնարկում՝ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար:
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Արզամասում եւս մեկ բունտ է հասունանում: Ամենամեծ «ժողովրդական հավաքը» նախատեսված է դեկտեմբերի 14-ին: Սոցիալական ցանցերում արդեն ավելի քան 12 հազար մարդ պատրաստակամությունն է հայտնել դուրս գալ հրապարակ եւ պատասխաններ պահանջել իշխանություններից ու ոստիկանությունից՝ Սլակաեւի սպանության հետաքննության ընթացքի մասին:
Լուրեր Հայաստանից - NEWS.am