ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն և հանրապետության Երիտասարդության հիմնադրամը համատեղ երիտասարդ գիտնականների 31 նախագիծ կֆինանսավորեն, տեղեկացրեց կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը։
«Գիտության ոլորտում երիտասարդ կադրերի ներգրավումը խթանող ծրագրի շրջանակում հուլիսի 30–ին մենք «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր–2013» մրցույթ հայտարարեցինք։ Մրցույթի մասնակցության 51 հայտ ստացանք, որից ընտրվեց 31 նախագիծ, դրանցից յուրաքանչյուրի իրականացման համար 9–ական մլն դրամ կհատկացվի»,– չորեքշաբթի ասուլիսի ժամանակ ասաց նա։
Ըստ Հարությունյանի, մրցույթն անցկացվեց գիտության բոլոր ոլորտներում, ներառյալ` հայագիտություն, հումանիտար, հասարակական և բնական գիտություններ, բժշկություն, գյուղատնտեսություն և ճարտարագիտություն։
«Առաջիկայում մենք նախատեսում ենք մեկ այլ մրցույթ անցկացնել, որն ուղղված է երիտասարդ ասպիրանտների հետազոտությունների աջակցությանը»,– ասաց նա։
Երիտասարդ գիտնականների դրամաշնորհների հավատարմագրերի հանձնման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 15–ին Գիտության պետական կոմիտեի նիստերի դահլիճում` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի մասնակցությամբ։
Նովոստի–Արմենիա