Հայկական Կարմիր խաչի ընկերությունը` Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի Արտակարգ իրավիճակներին արձագանքման հիմնադրամի ֆինանսավորմամբ, հունվարի 30-ից մարտի 7-ը մարդասիրական օգնության բաշխում է իրականացրել 263 սիրիահայ ընտանիքի (980 մարդու): Սիրիահայերին տրամադրվեցին ձմեռային հագուստ եւ կոշիկ, հիգիենիկ պարագաների փաթեթներ եւ ծածկոցներ:
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, հանդիսանալով օժանդակ կառույց Կառավարությանը` մարդասիրական ոլորտում եւ առաջնորդվելով իր առաքելությամբ, այն է` կանխարգելել եւ թեթեւացնել մարդկային տառապանքները, չէր կարող անմասն մնալ Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետեւանքով Հայաստան տեղափոխված սիրիահայերի հիմնախնդիրներին արձագանքելուն եւ նրանց աջակցել է ժամանման առաջին իսկ օրվանից:
Հաշվի առնելով իրավիճակն ու աջակցության կարիք ունեցող սիրիահայերի մեծ թիվը, ՀԿԽԸ-ն ձեռնամուխ եղավ Հայաստան տեղափոխված սիրիահայերի կենսապայմանների բարելավմանն ուղղված ծրագրերի իրագործմանը:
Ծրագրեր են իրականացվում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի, Ավստրիական զարգացման գործակալության, ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ եւ Ավստրիական Կարմիր խաչի աջակցությամբ: Նշված ծրագրերի շրջանակներում ՀԿԽԸ-ն սիրիահայերին աջակցություն է տրամադրում հետեւյալ հիմնական ուղղություններով. ընդունելության պայմանների բարելավում, սոցիալական աջակցություն, ՀՀ տարածք մուտքի պայմանների բարելավում եւ չվերադարձելիության սկզբունքի պահպանում, ինքնաբավության եւ ապրելակերպի բարելավում, համայնքների հզորացում, իրազեկվածության բարձրացում եւ ինտեգրում, սեռական եւ գենդերային բռնությունների կանխարգելում ու արձագանք:
2012 թ. աշնանից մինչ օրս 500 ընտանիքի տրամադրվել են հիգիենիկ փաթեթներ, 1615 մարդ ստացել է ձմեռային հագուստ եւ կոշիկ ձեռք բերելու կտրոններ, հաշմանդամություն ունեցող 60 մարդու տրվել են հենաշարժողական միջոցներ, լսողական սարքեր եւ ակնոցներ, առավել կարիքավոր 32 շահառուների տրամադրվել է 15 000-ական դրամ:
Իրականացվում է նաեւ անհատական եւ խմբային խորհրդատվություն` ՀՀ-ում շահառուների իրավունքների եւ պարտականությունների, զբաղվածության, առողջապահության եւ կրթության վերաբերյալ: 2012թ. մինչ օրս 1736 սիրիահայերի տրամադրվել է համապատասխան տեղեկատվություն:
2013 թ. ծրագրերում ընդգրկվեց նաեւ եկամտաբեր գործունեության խթանման բաղադրիչը, որը նպատակ ունի օգնել սիրիահայերին իրենց փոքր բիզնեսն սկսելու հարցում` տրամադրելով համապատասխան գործիքներ` ըստ իրենց նախասիրությունների եւ հմտությունների: 2013թ. գործիքներ ստացան 88 սիրիահայեր:
Հայկական Կարմիր խաչի ընկերությունն աջակցել է նաեւ սիրիահայ երեխաներին: 2013 թ. ընթացքում 147 երեխա ստացել է հագուստ եւ կոշիկ, որից 97 դպրոցականի նաեւ գումար է տրվել` հագուստ եւ գրենական պիտույքներ ձեռք բերելու համար, փոքրիկներին տրամադրվել են նաեւ մանկական սայլակներ, մանկական սնունդ եւ տակդիրներ: 2013 թ. օգոստոսի 1-ից 7-ը ամառային ճամբար է կազմակերպվել` ընգրկելով սիրիահայ երեխաներին:
2014 թ. տարբեր ծրագրերի շրջանակներում` սեփական բիզնես սկսելու համար գործիքներ կստանա եւս 160 շահառու: Մոտակա ամիսներին 300 ընտանիքի կտրամադրվեն կենցաղային եւ հիգիենիկ պարագաներ, 250 ընտանիքի (1000 մարդ) կտրվեն ձմեռային հագուստի եւ կոշիկի ձեռքբերման կտրոններ, խրոնիկական հիվանդություններ ունեցող շահառուներին` դեղորայքի ձեռքբերման կտրոններ:
2014 թ. ՀԿԽԸ-ն նախատեսում է փախստականներով ու սիրիահայերով բնակեցված համայնքների համախմբման աշխատանքներ տանել` ընդգրկելով քաղաքացիական հասարակությանն ու համագործակցելով միջազգային եւ տեղական կազմակերպությունների հետ` խնդիրների բացահայտման, որոշումների կայացման եւ ռեսուրսների համախմբման գործընթացում համայնքների ներուժն ուժեղացնելու համար: Համայնքային որոշ խնդիրներին լուծում տալու համար կտրամադրվեն դրամաշնորհներ:
Ծրագրերն իրականացվում են համագործակցելով ՀՀ Սփյուռքի նախարարության, Պետական միգրացիոն գործակալության, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի, «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության ու Փոքր եւ միջին բիզնեսի զարգացման ազգային կենտրոնի հետ:
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը` իր Աղետների կառավարման եւ բնակչության տեղաշարժի ռազմավարական ուղղության շրջանակներում արդեն երկար տարիներ է, ինչ իրականացնում է ապաստան հայցողներին եւ փախստականներին առաջնային մարդասիրական, բժշկական, սոցիալ-հոգեբանական աջակցության, իրավաբանական խորհրդատվության տրամադրում, սահմանային վերահսկողության իրականացում, փախստականների ինտեգրմանը նպաստող գործունեություն: