Հայոց Ցեղասպանության 100-ամյակի շեմին ավելի քան երբեք անհրաժեշտ է միասնական մոտեցումներով ու համատեղ ջանքով դիմագրավել Հայաստանի Հանրապետության, Արցախի, Ջավախքի ու Սփյուռքի առջեւ ծառացող մարտահրավերները: Այդ մասին ասվում է ավանդական երեք կուսակցությունների տարածած հայտարարության մեջ:
«Կոչ կուղղենք մեր ժողովուրդին որ 100-ամյակի նշումը ամէնուրեք կատարվի համահայկական տարողությամբ ու միացյալ նախաձեռնություններով: Ժամանակն է, որ մեր քաղաքական աշխատանքների մէջ բացվի պահանջատիրության նոր էջ՝ ճանաչումից ու դատապարտումից անդին: Այս ուղղությամբ հարկ է մէկտեղել մեր անժամանցելի եւ ամբողջական իրավունքների ձեռքբերման քաղաքական ու օրինական երեսների ուսումնասիրությունները եւ պահանջատիրական լիցք տալ ՀՀ Պետական Յանձնաժողովի նախաձեռնություններուն:
Կոչ կուղղենք ՀՀ իշխանություններուն՝ լիովին անդրադառնալու հայ-թուրք արձանագրությունների կործանարար հետեւանքներին, ՀՀ Ազգային Ժողովին՝ իր օրակարգից մեկընդմիշտ հանելու դրանց վավերացման հարցը եւ ՀՀ Նախագահին՝ հետ կոչելու իր ստորագրությունը:
Հայաստանի անվտանգության ապահովումը, ժողովրդավարական ու ընկերային արդար կարգերի հաստատումը եւ մեր պետականության ծաղկումն ու հզորացումը առաջնակարգ հրամայականներ են: Առավել՝ անհրաժեշտ է կասեցնել հայրենիքը դատարկող արտագաղթը եւ ազգովին դիմագրավել այդ լուրջ վտանգը որոշակի ծրագիրներով:
Պարտավոր ենք նաեւ հատուկ թափ տալ Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, դրանք դարձնելով մնայուն, լավապես կարգավորված եւ փոխադարձ հասկացողությունների ու շարունակական մշակման միասնական գործընթացի վրա խարսխված: Արցախի ինքնորոշման իրավունքի համար աշխարհով մէկ տարվող մեր քարոզչական ու քաղաքական պայքարը հարկ է ընդարձակել շեշտադրելով՝ ԼՂՀի ճանաչումը իր փաստացի եւ սահմանադրությամբ ամրագրված սահմաններով: Նաեւ՝ խթան հանդիսանալ ռազմավարական նշանակություն ունեցող համահայկական այն բոլոր նախաձեռնություններին, որոնք միտված են ամրապնդել Արցախի պետականության հիմքերը եւ ապահովել նրա տնտեսական զարգացումը: Ջավախքի պարագայում, անհրաժեշտ է ազգովին նեցուկ կանգնել իր պատմական հողերի վրա ապրող հայության իրավունքներին եւ ձեռնարկել նրա սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման քայլեր: Սփյուռքահայության պարագայում՝ Հայ Դատի շրջանակներում վերջին տասնամյակների կարեւոր ձեռքբերումների վրա պարտավոր ենք խարսխել պահանջատիրության թղթածրարի արծարծումը: Իր սեփական ջանքերի կողքին Սփյուռքը կարիք ունի նաեւ ՀՀ պետական հոգածության առաջ տանելու համար հայապահպանման ու հայակերտման իր կարեւորագույն առաքելությունը: Իսկ ոչ դասական Սփյուռքի նոր ձեւավորվող շրջաններին պարտավոր ենք հաղորդել կազմակերպ հավաքական կյանքի հասկացողություն եւնրանց մղել ծրագրված աշխատանքի:
Սիրիահայության ապրած տագնապը մեր բոլորին տագնապն է: Այդ կենսունակ գաղութը համազգային ուշադրության, գուրգուրանքի ու օժանդակության կիզակէտը կմնա ու պիտի շարունակի մնալ մինչեւ խաղաղության հաստատում ու ամբողջական վերականգնում: Պարտավոր ենք մղել ողջ հայությունը, որպէսզիսուրիահայության բազմաթիվ կարիքներին հասնելու կողքին՝ ճիգ թափի նրա անվտանգության երաշխիքներ ապահովելու: Քաջ կը գիտակցենք, որ հզոր Հայրենիք ու հանձնառու Սփյուռք, որպես իրար ամբողջացնող, իրար գոտեպնդող օղակներ, միասնական ճիգերով պիտի շարունակաբար վերահաստատեն աշխարհասփյուռ հայության մեկ ժողովուրդ լինելու հանգամանքը եւ մեծ ու ամբողջական Հայաստանի կերտումի հավատո հանգանակը»,- ասվում է ՀՅԴ, ՍԴՀԿ եւ ՌԱԿ կուսակցությունների հայտարարության մեջ: